ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես երեխաների հիմնախնդիրներին, շարունակական կլինեն եւ կնպաստեն երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը:

Տանյա Ռադոչայը կարևորել է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը, որը միտված է պաշտպանելու երեխաների` ընտանեկան միջավայրում մեծանալու եւ որակյալ կրթություն ստանալու իրավունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արատներով ծնված երեխաների խնդիրներին, որդեգրման ու խնամակալության հարցերին, խոցելի և ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության հարցում առկա բացերին:

Արա Բաբլոյանն ու Տանյա Ռադոչայը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ոլորտի վիճահարույց հարցերը վեր հանելու նպատակով ընդլայնված քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել