ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Յ. Մ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: 

Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Յ. Մ.-ն 2017 թվականի հունիսի 28-ին հաղորդում է տվել, որ 2011 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով որոշում է կայացվել արգելանք կիրառել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի վրա: Սակայն ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի հակադիր կատարողը, առանց դատարանի որոշման և պատշաճ կարգով իրեն ծանուցելու, ապօրինի արգելանք է դրել նաև իր աշխատավարձի ու կենսաթոշակի վրա՝ շուրջ երեք տարի (մինչև նշված գործով դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը) իրեն ու ընտանիքի անդամներին զրկելով այդ գումարների տնօրինման իրավունքից:

Այսպիսով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել