BlogNews.am-ն արդեն անդրադարձել է երեկ Երևանում մեկնարկած «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեին: Նախագծի շրջանակներում առաջին ցուցադրության բացումը բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի (1899 - 1966) ֆոտոարվեստին է անդրադառնում: Մելիք Ադամյան 2/2 հասցեում տեղակայված ցուցասրահում բացման առաջին իսկ րոպեներից մարդաշատ է: Սան Պաուլույում ծնված ու ստեղծագործած հայ լուսանկարչի աշխատանքներին ծանոթանալու են եկել արվեստագետներ, արվեստասերներ ու պարզապես մարդիկ, ում հետաքրքիր է հայրենիքից հեռու ապրած մեր հայրենակցի ստեղծագործական ժառանգությունը: Լուսանկարչի որդու մանրազնին ընտրությամբ հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար ընտրված այս հավաքածուն այցելուներին հմայում է առաջին իսկ հայացքից: Լուսանկարներ, որոնց բնականությանը դժվար է հավատալ, մինչդեռ սա այն դեպքն է, երբ NO PHOTOSHOP ասվածը կատարյալ ճշմարտություն է: 

Ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանը BlogNews-ի հետ զրույցում առանձհահատուկ ուրախությամբ է նշում է, որ այս ցուցադրությունը բացառիկ է այնքանով, որ Հայաստանի համար հիրավի բացահայտելու է Գասպար Գասպարյան հանճարեղ արվեստագետին, քանի որ մինչ այս հայ արվեստասերը նրան ճանաչելու հնարավորություն գրեթե չի ունեցել. «Խորհրդային շրջանում մենք ճանաչում էինք շատ քիչ սփյուռքահայ արվեստագետների, մինչդեռ շատ հայ արվեստագետներ դուրս էին մեր տեսադաշտից: Գաասպարյանն այն լուսանկարիչներից մեկն է, ովքեր ձևավորել են բրազիլական լուսանկարչական արվեստի՝ 40-50-ականներին սկիզբ առած նոր ալիքը: Առաջին անգամ Գասպարյանի գործերը տեսել եմ Սան Պաուլուի թանգարաններից մեկում, ու երբ երկու տարի առաջ քննարկում էինք այս ցուցադրության կազմակերպչական հարցերը, ընդամենը մի քանի ամիս անց ես Գասպարյանի լուսանկարը տեսա արդեն Լոնդոնի «Թեյթ մոդեռն» թանգարանում»:

Ինչ վերաբերում է տրիենալեի նպատակներին, ապա Ռուբեն Արևշատյանը նշում է, որ հիմնական ու գլխավոր նպատակը հայ հանդիսատեսին իրապես բարձրորակ ու ճանաչված արվեստագետների հետ ծանոթացնելն է, որոնց մասին Հայաստանում չգիտեն կամ քչերը գիտեն. «Դարձնել այս արվեստը մատչելի բոլոր սոցիալական շերտերի համար. և դա՛ է նպատակը, որ տրիենալեի բոլոր միջոցառումներն անցկացվելու են Հայաստանի ամբողջ տարածքով, այլ ոչ թե մայրաքաղաքում կենտրոնացած: Արվեստը չպիտի ունենա հիերարխիկ, ստատիկ վիճակ, այն պետք է կրթի, դաստիարակի ու նոր հորիզոններ բացի: Ու թվացյալ ընկալում է այն, որ արվեստը կարող է հասկանալ միայն արվեստագետը: Արվեստը սիրել կարող է ամեն մարդ, որովհետև ամեն մարդ ի սկզբանե սիրել գիտի»:

Սան Պաուլուի լուսանկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը լինելով՝ Գասպարյանը ոչ միայն փորձարկումներ է կատարել ձևերի, լույսի, օպտիկական աղճատումների և վերացական ձևափոխումների հետ, որոնք այդքան հատուկ էին 20-րդ դարի կեսի լուսանկարչությանը, այլ նաև ստեղծել է անհավանական գեղեցիկ ու խորը տարածության վիզուալ զգացողություն: Գասպար Գասպարյանի լուսանկարները կարելի է տեսնել մշտական հավաքածուներում և նշանավոր միջազգային թանգարաններում, ինչպիսիք են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Լոնդոնի Թեյթ մոդեռն թանգարանը, Սան Պաուլուի Արվեստի թանգարանը և այլն։

Ֆոտոարվեստի անհավանական հնարավորությունների ու հայազգի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանին բացահայտելու հնարավորություն ընձեռած հրաշալի ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այցելել կարող եք ՀԲԸՄ հայաստանյան գլխամասի պատկերասրահ՝ Մելիք Ադամյան 2/2 հասցեով:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Գագիկ Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել