ՌԴ-ից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա պատժի կրման վայրը կորոշվի առաջիկայում: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը: Հրաչյա Հարությունյանի պատիժը կրելու վայրը տեղաբաշխման հանձնաժողովը կորոշի ՀՀ իրավասու դատարանի կողմից ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:

Այսօր նա տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել