«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Եթե ուզում եք ծանոթանալ հասարակական կարծիքի հետ, «ժողովուրդն ինչ է մտածում», նս­տեք պատահական տաքսի: Շեշտում եմ՝ պատա­հական: Որովհետև եթե դուք ուզում եք պարզապես Ա կետից հասնել Բ կետ, ապա ավելի հեշտ է ու հարմարավետ պատվիրել ինտերնետային տաքսի, որտեղ վարորդները, բացի «բարև»-ից և «ցտեսություն»-ից, որևէ այլ բան չեն խոսում, սափրված են, հիմնականում՝ երիտասարդ են, չեն ծխում, մեքենան մաքուր են պահում և ռաբիս երաժշտություն չեն միացնում: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ «պատահական» տաքսիներն ի վերջո իրենց տեղը կզիջեն «կազմակերպված» տաքսիստներին, մրցակցություն է, և հաղթում է նա, ով մատուցում է ավելի որակյալ ծառայու­թյուն:

Բայց եթե դուք, այսպես ասած, «արկածներ եք փնտրում» (իսկ դա, ինչպես հայտնի է, լրագրողի մասնագիտության անբաժանելի մասն է), ապա, իհարկե, պետք է զրուցեք «դասական» վարորդնե­րի հետ: Պատմեմ վերջին «արկածս»: Նստում եմ այդպիսի «անհատական» տաքսի և ասում եմ՝ «գնանք Հյուսիսային պողոտա»: Վարորդը՝ «ի՞նչ էլ տեղ ես գտել գնալու»: «Ի՞նչ կա որ»,- հետաքրքր­վում եմ: «Զզվում եմ էդ տեղից»,- բացատրում է վարորդը: Ասում եմ՝ «Այնպես չի, որ ուշքս գնում է»: «Ես պատական երևանցի եմ,- շարունակում է,- էլ Երևան չի մնացել»: Անցնում ենք ևս մի քա­նի տասնյակ մետր: «Ախպեր ջան, հազար ներո­ղություն, արի ես քեզ ստեղ իջեցնեմ, չեմ քշի: Որ ասում են՝ «Հյուսիսային պողոտա», ղարաբաղցիներին եմ հիշում: Կներես, էլի»: Իհարկե, ներեցի և իջա:

 Չեմ պատրաստվում քննադատել այդ վարորդին, ոչ էլ, առավել ևս՝ ծաղրել նրան: Ուզում եմ ձեզ հետ միասին հասկանալ զանգվածային, հոգեբա­նության առանձնահատկությունները: Պարզ է, որ այն իռացիոնալ է՝ տրամաբանական, պատճառահետևանքային շղթան փոխարինվում է էմոցիոնալ, «պատահական» հերթականությամբ՝ Հյուսիսային պողոտա-հարուստներ-ղարաբաղցիներ: Պարզ է, որ «տեղայնական ռասիզմի» համար որևէ հիմք չկա՝ հայկական հողի այս հատվածում ծնված մարդիկ կամ նրանց ժառանգները (այդ թվում՝ ես) չունեն ինչ-որ ընդհանուր բնութագրիչներ՝ ոչ դրական, ոչ բացասական: Հարուստների հան­դեպ ընդհանրական ատելությունը նույնպես որևէ տրամաբանական բացատրություն չունի՝ հարուստների, ինչպես և աղքատների մեջ նույնպես կան հրաշալի մարդիկ և սրիկաներ»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել