Գործադիրը հավանություն է տվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի նպատակն է պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ: Այն իրենից ներկայացնում է պետություն–համայնք-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն համագործակցություն՝ ուղղված Հայաստանն աղբից մաքրելուն, դրա հետագա կուտակումներն աղբահանության համար չնախատեսված վայրերում կանխելուն: Արդյունքում նախատեսվում է առավելագույնս նվազեցնել աղբանոցների ու աղբավայրերի թիվը, սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում: Բացի այդ, ակնկալվում է շեշտակիորեն բարելավել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաև բարձրացնել երկրի զբոսաշրջային գրավչությունը: Ծրագրով նախատեսվում են նախապատրաստական, ուղղիչ և կանխարգելիչ գործողություններ: Ուղղիչ գործողությունների շարքին կարելի է դասել շաբաթօրյակները, աղբանոցներից աղբի տեղափոխումը գործող աղբավայրեր, աղբի լցակույտերի ծածկումը, աղբավայրերի ցանցապատումը և այլն: Կանխարգելիչ գործողություններից են էկոկրթության և էկոդաստիարակության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, քարոզչության և հանրային հսկման աշխատանքների կազմակերպումը, ինտերակտիվ համացանցային կայքի ստեղծումը և այլն: Նախատեսվում է նաև իրավական և վարչական աշխատանքների կատարելագործում, որի արդյունքում կբարելավվի համայնքապետարանների կողմից կազմակերպվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կանոնակարգը՝ պահանջներն ու իրավասությունները: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, որ 2300 աղբավայրերի թիվն այսօր արդեն հասել է 564–ի: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 126-ի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել