Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը հուլիսի 18-ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշում է, որ Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սկիզբ է դրել նոր միջպետական հարաբերություններին` հիմնված այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքը և բազմաոլորտ փոխշահավետ կապերի խորացմանն ուղղված կառուցողական մոտեցումը:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշում է վերջին շրջանում նկատվող մշակույթի և գիտության ոլորտներում հայ-մոլդովական փոխանակումների ընդլայնումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակի, փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջմղմանը:
Եզրափակելով նամակը՝ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը մաղթում է հաջողություն գործունեության ընթացքում, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում:

Իր ուղերձում Մոլդովայի արտգործնախարարը նշում է, որ քառորդ դարի ընթացքում մեր երկրները կարողացել են արժանի տեղ գրավել միջազգային քաղաքական ասպարեզում, ինչպես նաև կառուցել են հաջող երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ փոխգործակցություն: Անդրեյ Գալբուրը հույս է հայտնում, որ տեսանելի ապագայում համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել և ընդլայնել Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում:

Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս կամրապնդվեն և կզարգանան փոխշահավետ համագործակցության հիման վրա՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Անդրեյ Գալբուրը մաղթում է Էդվարդ Նալբանդյանին առողջություն, երկար և բեղմնավոր տարիներ, Հայաստանին և ողջ հայ ժողովրդին՝ երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել