Yerkir.am-ը գրում է.
Վերջերս թուրքական «Ֆոչա» բանտից փախուստի դիմած պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով փախուստից հետո բազմաթիվ հարցազրույցներ և մեկնաբանություններ է տվել այդ մասին, խոսել է նաև Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականի հետ:

Հիշեցնենք, որ Նիշանյանին  ձերբակալել և դատապարտել էին իր սեփական այգում «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական իշխանություններին` բացահայտ խոսելով  Հայոց ցեղասպանության մասին:

«Ենթարկվեցի պետության ատելության և թշնամանքին: Ես աչքիս առաջ ունեի 1-2 տարվա ազատազրկում, բայց 3.5 տարին շատ էր: Կար ևս 3.5 տարի և պարզ էր՝ մտադրություն չունեին ինձ ազատ արձակել»,-թերթի հետ զրույցում ասել է Նիշանյանը:

Հարցին, թե իր փախուստն ի՞նչպիսի արձագան է գտել պետության շրջանակում, նա ասել է,-«Շիրինջեյում իմ պայքարն ընկալվեց որպես պետության դեմ գլուխ պահել: Ուստի, «պետություն» կոչված այդ բյուրոկրատական օլիգարխիայի անվերջ ատելության և թշնամանքին արժանացա: Ավելին՝ երբ սկսեցի խոսել իսլամական մի շարք նրբությունների մասին, «շեֆերը» որոշեցին իմ սանձերը ձգել: Շինարարության գործով դատական գործերը այդ ամենի մակերեսն են: Ես դատապարվեցի իսլամի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար: Քանի որ նրանց ձեռք չէր տալիս այդ գործով դատապարտել ինձ, այլ անհիմն մեղադրանքներով դատական գործեր հարուցեցին իմ դեմ»:

Նրա խոսքով՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ պետությունն ամեն կերպ հասկացրել է, որ իրեն հանգիստ չեն թողնի: «Կարծում եմ՝ ուզեցին ես հեռանամ: Եթե չհեռանայի, հասկացնում էին, որ կշարունակեն ինձ տանջել: Սա Թուրքիայի հանրապետության դասական քաղաքականությունն է: Հարյուր տարի է՝ չի փոխվել. «ահաբեկեք, թող փախչեն» մտածողությամբ: Իհարկե, կդիմադրես, բայց մինչև ե՞րբ»,-ասել է նա:

Նիշանյանի փաստաբաններից Գյուլչին Ավշարն իր հերթին նշել է, որ նրա փախուստը պայմանավորված է անարդար հիմքերով ձերբակալությամբ:

«Սևանը 10 տարի է՝ ջանքեր է գործադրում, որպեսզի Շիրինջեյում վերակառուցման ծրագիր լինի: Բացի պատմական կառույցին վնաս չպատճառելուց, նա Շիրինջեն վերածեց տուրիստական կենտրոն գյուղի: Ես չգիտեմ, թե նա ինչպե՞ս և ինչո՞ւ է բանտից փախել: Սակայն ենթադրում եմ, որ ցանկացել է ազատության մեջ լինել՝ ստեղծագծական գործունեությունը շարունակելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել