Yerkir.am-ը գրում է.
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասնեց, թե ինչ է նշանակում ծրագիրն իրականացնելիս կիրառել կոշտ վարչական ռեսուրսներ:

«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»,- ասաց Լոքյանն ու հավելեց, որ օրինակ, ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով:

Լոքյանը նշեց, որ ինչպես վճարում են մեքենայի խախտման դեպքում, այնպես էլ կվճարեն միջավայրը աղտոտելու համար: Նախարարը տեղեկացրեց, որ քարոզչական նյութեր են պատրաստել. հատուկ բաժակներ, գլխարկներ, որոնց վրա կլինեն կոչեր:

Նախարարի խոսքով՝ միջոցառումների կազմակերպման համար բյուջեից գումարներ չեն հատկացվում, ամբողջը կատարվելու է մասնավոր ներդրողների միջոցով:

Նա նաեւ նշեց, որ հաջորդ տարի շուրջ 10 000 աղբաման են գնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել