Armenpress-ը գրում է.
 Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դատարանը վճռել է Լապշինին դատապարտել երեք տարվա ազատազրկման: Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
 Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հինվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Չերնինը: Դատախազը պահանջել էր բլոգերին դատապարտել 6 տարի և վեց ամիս ազատազրկման: Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել