Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ բարձրացրել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի իրավունքների պաշտպանության հարցը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Անդրադառնալով փաթեթում ներառված այն կետերին, որոնք ենթադրում են պատիժ սահմանել մեջլիսի այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը» («թուրք ազգի անցյալի վիրավորանք» է համարվում նաև Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը), Դողանն ընդգծել է, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: «Անկասկած, ոչ ոք չպետք է և չի վիրավորի թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը: Սակայն ի՞նչ կասեք մյուս ազգերի համար: Օրինակ հայ ժողովրդի պատմությունը կարելի՞ է վիրավորել»,- ասել է պատգամավորը:

Նա արձանագրել է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը մեկ առ մեկ լռեցնում է ժողովրդավարական երկրում անհրաժեշտ բոլոր կառույցներին: «Մեդիան լռեցված է, ակադեմիկոսները լռեցված են, գործարար աշխարհը լռեցված է, բանվորական արհմիությունները, քաղաքացիական հասարակությունը թաղված են լռության մեջ… Միակ խոսացողն ընդդիմադիր պատգամավորներն են, որոնց էլ այս փոփոխություններով փորձում եք լռեցնել»,- ասել է Դողանը: Հիշեցնելով վերջերս իրավապաշտպանների կալանավորման փաստը՝ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օրինական դաշտում գործունեություն ծավալով գործիչները մի վայրկյանում «ահաբեկիչ» են հռչակվում:

Պատգամավորը հայտնել է, որ իշխանությունների ստեղծած քաղաքական մթնոլորտը խիստ մտահոգում է Թուրքիայի փոքրամասնություններին: «Հեղաշրջման փորձից անմիջապես հետո իշխանության խոսնակը հանդիսացող լրատվամիջոցները թիրախավորեցին փոքրամասնություններին: Անցնող կիրակի Պոլսո Հայոց պատրիարքարանն աղոթք մատուցեց հուլիսի 15-ի զոհերի համար: Թուրքիայի հրեական համայնքն էլ շաբաթ օրը սինագոգներում աղոթք մատուցեց հուլիսի 15-ի զոհերի և մեր երկրի խաղաղության համար: Իսկ ի՞նչ արեց իշխանամետ մամուլը: Այն Ֆեթուլլահ Գյուլենին հայ հռչակեց, գրեց, որ Գյուլենը համագործակցում է հրեաների հետ: Անգամ ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս ծայրագույն պատրիարքին, որն իր ամբողջ կյանքը նվիրել է խաղաղությանը, առնչակից դարձրեցին զինված հեղաշրջման փորձին: Երբ իրադրությունն այսպիսինն է, ինչ եք ակնկալում, երկրում փոքրամասնություններն ինչպե՞ս պետք է մտածեն:

Փոքրամասնություններն առաջին անգամ խորհրդարանում ներկայացված են այս թվով պատգամավորներով: Եվ ներքին կանոնակարգին առնչվող այս օրենքների փաթեթով դուք խորհրդարանում արդեն կտրում եք փոքրամասնությունների ձայնը»,- հայտարարել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել