Life.panorama.am-ը գրում է.

Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը յոթ ամիս ԱՄՆ-ում բնակվելուց հետո այժմ Երեւանում է: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է ամերիկյան կյանքի եւ նորակազմ ընտանիքի մասին:

-Արմինե, ԱՄՆ-ում բավականին երկար ժամանակ անցկացրիք, շատերն արդեն մտածումէին, որ մշտական բնակություն եք հաստատել այնտեղ: Ինչո՞վ էր պայմանավորվածերկարաժամկետ բացակայությունն ու ի՞նչը Ձեզ հետ բերեց հայրենիք:


- Ի սկզբանե նախատեսված չէր, որ այդքան երկար պետք է այնտեղ մնայինք. մենք մեկնել էինք ամուսնուս հարազատներին տեսակցելու, սակայն այնտեղ ամուսինս առողջական խնդիրներ ունեցավ, վիրահատվեց, ինչն էլ պատճառ դարձավ, որ ավելի երկար մնանք: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե ԱՄՆ եմ տեղափոխվել ապրելու, ասեմ, որ ես այստեղ եմ ապրում, իսկ Միացյալ նահանգներ երբեմն-երբեմն մեկնում ենք ամուսնուս հետ, քանի որ նա այստեղ ոչ մեկ չունի: Հոկտեմբերի վերջին մենք կրկին կմեկնենք ԱՄՆ, որովհետեւ թղթաբանական խնդիրներ ունեմ, պետք է կարգավորվենք այդ հարցերը: Հույս ունեմ, որ մեկնելուց երեք ամիս հետո շուտ կվերադառնանք, քանի որ այստեղ ես ընտանիք ու աշխատանք ունեմ, ներկայացումներ կան, որտեղ իմ մասնակցությունը պարտադիր է:

-Դժվար չէ՞ր նոր երկրի բարքերին սովորելը, նաեւ մարդկանց մտածելակերպն ընդունելն ու ինտեգրվելը:

- Պետք է խոստովանեմ, որ Հայաստանն ինձ համար ամենահոգեհարազատ երկիրն է, ես ինձ միայն այստեղ եմ տեսնում: Հայաստանում ես որպես կին կայացած եմ՝ ունեմ աշխատանք, սիրված եմ, ճանաչված: Ինձ այստեղից այն կողմ չեմ տեսնում, իսկ ԱՄՆ գնում եմ ստիպված, քանի որ ամուսինս է գնում: Այն, ինչ անում ես Հայաստանում, այնտեղ չես կարող անել: Գուցե շատերին տարօրինակ թվա ասածս, բայց ֆիլմեր նկարահանելիս, կամ ներկայացումներ բեմադրելիս այն պրոֆեսիոնալիզմը, որ կա Հայաստանում, այնտեղ միանշանակ չկա: Դրա համար էլ ԱՄՆ-ում ոչինչ չեմ անում ու ոչ էլ հասկանում եմ այնտեղի մարդկանց մտածելակերպը: Չարախոսություն թող չթվա, բայց նրանց մեջ այսպիսի մի մոտեցում կա՝ կազմավորված ստեղծագործական խմբերը նոր մարդկանցով չեն համալրվում, անընդհատ նույն դեմքերով են աշխատում: Երբ Հայաստանից դերասան է գնում ԱՄՆ, ըստ իս, ցանկության դեպքում պետք է հրավերք անեն, այլ ոչ թե սպասեն, որ տվյալ դերասանը գնա եւ ասի, թե եկել եմ, ինձ գործ տվեք: Այս իսկ պատճառով այնտեղ ոչնչով չեմ զբաղվում, պարզապես ամուսնուս հետ վայելում եմ օրերս: Ինչ վերաբերվում է օրենքներին, այ այդ առումով ԱՄՆ-ն հիանալի երկիր է: Այնտեղ դու կարող ես օրենքով ապրել, ինչը բացակայում է մեր երկրում: ԱՄՆ-ում պետությունը քեզ գնահատում է ու տալիս բազում հնարավորություններ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու, սովորելու: Ես շատ գնահատում եմ նրանց այդ մոտեցումը, բայց եւ կարծում եմ, որ եթե մեր երկիրը եւս այդպիսին լիներ, ապա Հայաստանից ավելի հրաշք վայր աշխարհում չէր լինի: Մեր ժողովրդին միայն կասեմ, որ շատ բարձր գնահատեն մեր պետությունը,  ու այն չշփոթեն ղեկավարության հետ: Ամեն մեկը պետք է սիրի ու փայփայի իր երկիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել