Հաղորդավարուհի Անի Դաշյանը Երևանում է. երեկ հարազատների և ընկերների միջավայրում նա տոնել է իր ծննդյան 29-ամյակը: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է հետաքրքիր պահերը:

«Մոտ մեկ տարուց ավել Երևանում չէի եղել և այս տարի պլանավորում էի այցս: Ես և ամուսինս որոշեցինք, որ այնպիսի ժամանակահատվածում գամ, որ ծննդյանս հետ համընկնի, և այստեղ նշեմ, քանի որ շատ եմ սիրում իմ ծննդյան օրը: Անցած տարի առաջին տարին էր, որ ընկերներս չկային, իսկ այս տարի որոշեցի, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակել, և պետք է ծնունդիս լինեմ Երևանում՝ ընկերներիս շրջապատում»,- պատմում է Անին։

Հաղորդավարուհու տորթի և շապիկի վրա գրված էր «Queens are born in july», դա էլ հետաքրքիր պատմություն ունի. «Այդ գրվածքն ինձ շատ էր դուր եկել։ Համաշխարհային տարբեր աստղերի հագին տեսած կլինեք այդ շապիկները: Ինձ դուր էր եկել այդ միտքը, և որոշել էի ունենալ այդ շապիկից։ Դեռ երկու-երեք ամիս առաջ էի պատվիրել, բայց հետո որոշեցի, որ պետք է հագնեմ ծնունդիս և որ տորթիս գրվածքն էլ պետք է այդպես անեմ»:

Անին նշում է, որ չի հասցրել լիարժեք նախապատրաստվել, քանի որ ծնունդից երկու օր առաջ էր եկել Երևան. «Պարզապես ուրախ եմ, որ իմ հյուրերի ցուցակում այնպիսի մարդիկ են, ում կարող եմ երկու ժամ առաջ զանգահարել ու ասել՝ հավաքվում ենք, և բոլորը մի մարդու պես ներկա լինեն: Այս ծնունդս տարբերվում էր մնացածից, քանի որ որդուս հետ էի: Անցյալ տարիներին հավաքվում էինք աղջիկներով, այս անգամ ստացվեց Ռոբերտը և աղջիկները վիճակը: Պետք է ասեմ, որ որդիս բավականին լավ պահեց իրեն, բոլորի հետ շփվեց. այդքան աղջիկների շրջապատում առաջին անգամ էր»:  

Հաղորդավարուհին նաև խոստովանում է, որ, առահասարակ, նվերներից շատ է ուրախանում, և նշանակություն չունի, թե ինչ է ստանում. «Նույնիսկ մի շոկոլադն ինձ կարող է ուրախացնել: Սիրում եմ նաև նվիրել և սիրում եմ, որ նվերը հենց այնպես արված չի լինում: Օրինակ, երբ ինչ-որ մեկին բան եմ նվիրում, միշտ մտածում եմ, թե ինչից կուրախանա, պետքական կլինի, թե ոչ, և հասկանում եմ, որ ստացածս նվերները նույն սկզբունքով են արված։ Ինչ խոսք, շատ հաճելի պահ է»:

«Պետք է խոստովանեմ, որ շնորհավորանքներս իրոք շատ էին, շատ անձնական նամակներ եմ ստացել՝ ծանոթ և անծանոթ մարդկանցից, ինչն ինձ իսկապես շատ ուրախացրել է, բոլորին մեկ առ մեկ պատասխանել եմ: Եթե մարդը ժամանակ է գտել բարի խոսք ասելու, շնորհավորելու, ապա արժանի է նաև ստանալ պատասխան: Ես երկու տարի է՝ հեռուստաէկրանին չկամ, բայց իմ հավատարիմ հեռուստադիտողներն ինձ չեն մոռանում: Բոլորին պատասխանում եմ և դեռ շարունակում եմ պատասխանել: Շնորհակալ եմ, որ ժամանակ են գտել և շնորհավորել»:

Անիի ամուսինը՝ Լյուդվիգը, ներկա չի եղել ծնունդին, բայց անակնկալ էր մատուցել՝ ուղարկելով գեղեցիկ ծաղիկներ. «Նվերիս մասին չեմ նշի, բայց, առհասարակ, ամուսնուս ճաշակը շատ եմ հավանում»:

Ի դեպ, հաղորդավարուհին Մոսկվայի հետադարձի տոմսը դեռ չի գնել, քանի որ օգոստոս ամսին կնունքի քավոր-քավորկին են լինելու, և ինչպես նշում է հաղորդավարուհին, սա արդեն երկրորդ անգամն է:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

Լուսանկարները՝ Գագիկ Սարգսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել