Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց.
- Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։
Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին.
- Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։
Հիսուսը պատասխանեց.
- Ես միայն Իսրայելի ժողովրդի կորած ոչխարների համար եմ ուղարկվել։
Սակայն կինը մոտեցավ և նրա առաջ ծնկի եկած՝ ասաց.
- Տե՛ր, օգնի՛ր ինձ։
Հիսուսը պատասխանեց.
- Ճիշտ բան չէ մանուկների ձեռքից հացն առնել և շներին գցել։
Կինն ասաց.
- Այո՛, Տե՛ր, բայց նույնիսկ շներն իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով են կերակրվում։
Այն ժամանակ Հիսուսը նրան պատասխանեց.
- Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քո ուզածի պես լինի։
Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։
(Մատթեոսի ավետարան 15:21-28)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել