Ալաշկերտ-ԲԱՏԷ խաղից հետո Վանաձոր վերադառնալիս Դիլիջանի ոլորաններում հանդիպեցինք բելառուսական ակումբի սակավաթիվ երկրպագուներին, ովքեր խաղից անմիջապես հետո միկրոավտոբուսով վերադառնում էին Բորիսով: Մոտ 30 րոպե զրուցեցինք, քննարկեցինք խաղը: Ինչ խոսք, ուրախ էին: Ուրախ էին հատկապես Հայաստանի կլիմայի համար, մեր հյուրընկալության համար, իրենց իսկ խոսքով՝ չքնաղ, բայց շատ թանկ քաղաք Երեւանը տեսնելու համար: Նշեցին, որ մեր խփած գոլից հետո իրենք լուրջ մտավախություն ունեին, որ Ալաշկերտն ավելացնելու է եւ խաղն ավարտի իր օգտին: Մտավախություն ունեին նաեւ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները, միգուցե: Բայց մեր տղաները չհավատացին հաղթանակին: Հրաշալի սկսած հանդիպումը տանուլ տվեցինք առաջին խաղակեսի միջնամասում՝ առաջին պատասխան գոլից հետո: Դա ակնհայտ զգացվեց: Պատասխան գնդակը հյուրերը շատ արագ խփեցին, որն էլ, մեծ առումով, լուրջ դերակատարություն ունեցավ հետագա ընթացի մեջ: Ինքս զգացի, որ մեր ֆուտբոլիստները սկսեցին պարտվել: Հոգեբանորեն: Բայց խորը խոսել դրանից չեմ պատրաստվում: Փոխարենը կխոսեմ մի քանի դրվագի մասին, որոնք մտահոգվելու առիթ տվեցին:

Արդեն որերորդ անգամ նյարդային սթրես է առաջացնում Արսեն Բեգլարյանի անհարկի ինքնավստահությունը: Լավ որակներ ունեցող դարպասապահը, սակայն, չի կարողանում ֆուտբոլային գրագիտությունն ավելացնել: Գոնե ես հիշում եմ երկու դրվագ, երբ մեր թիմի երկու ֆուտբոլիստներ շտապում են դեպի մրցակցի ֆուտբոլիստը, ով շարժվում էր ոչ թե դեպի մեր դարպասը, այլ դեպի եզրային գիծը, եւ ի զարմանս ինձ՝ մեր երկու պաշտպաններին ջանասիրաբար միանում էր Արսենը: Ո՞ւր, այ ախպեր: Ախր մանկապատանեկան մարզադպրոցներում են դեռ սովորեցնում, որ եթե մրցակցի ֆուտբոլիստի հետ թեկուզ քո պաշտպաններից մեկը կա, ապա դարպասապահը չպետք է դուրս գա տեղից, եթե մրցակցի հարձակվող ֆուտբոլիստը անմիջականորեն չի սպառնում քո դարպասին՝ առավել եւս՝ մոտ տարածությունից:

Երկրորդ կարեւոր բացթողումը, որը բացառելը նույնպես ֆուտբոլիստներին սովորեցնում են մանկապատանեկան մարզադպրոցներում, հետեւյալն էր. ցանկացած գրոհի ժամանակ, երբ գրոհողը քո թիմն է, մրցակցի տուգանային հրապարակում (հնարավորության դեպքում՝ նաեւ դարպասային հրապարակում) ՊԱՐՏԱԴԻՐ պետք է լինի գոնե մեկ հարձակվող ֆուտբոլիստ: Հրաշալի եմ հիշում դրվագը, երբ աջ եզրում Արտակ Դաշյանը փակ փոխանցմամբ մրցակցի դարպասային հրապարակ դուրս բերեց Խովբոշային: Վերջինս, ըստ առողջ եւ ֆուտբոլային տրամաբանության, փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակի կենտրոն՝ 11մ նշակետի հատված: Բայց մեր տղաներից ոչ ոք չկար, նույնիսկ տուգանային հրապարակից դուրս: Ու սա կրկնվեց մի քանի անգամ, երբ մերոնք հեռու տարածություններից հարվածում էին, իսկ մրցակցի դարպասապահն անընդհատ ետ էր մղում գնդակը, բայց կրկին մեր ֆուտբոլիստներից որեւէ մեկը մրցակցի տուգանային հրապարակում ներկա չէր: Ֆուտբոլիստի ֆուտբոլային գրագիտությունը կայանում է ոչ միայն խաղային տարբեր իրավիճակները գնահատելու, այլ նաեւ մրցակցի՝ կոնկրետ թույլ տեղը գտնելու մեջ: Ամբողջ խաղի ընթացքում ԲԱՏԷ-ի դարպասապահը ետ էր մղում գնդակները, իսկ մեր տղաներն այդպես էլ դա չնկատեցին: Այլապես գոնե 2-3 անգամ գրաված կլինեինք հյուրերի դարպասը: Սրանք, բնականաբար եւ միանշանակ, Աբրահամ Խաշմանյանը կվերլուծի ֆուտբոլիստների հետ: Առավել քան վստահ եմ: Բայց սրանք էլ հենց խոսում են այն մասին, որ մերոնք հոգեբանորեն պարտվել էին պատասխան առաջին գոլից հետո: Երկար չեմ վերլուծի, քանի որ ցանկացա նշել ամենացայտուն բացթողումները: Ամեն դեպքում, Ալաշկերտը պայքարեց, Ալաշկերտն արեց հնարավորը: Այլ հարց է՝ ստացվեց, թե ոչ: Սա հուսահատվելու առիթ չէ, քանի որ սրանցով են պայմանավորվում թիմերի հետագա աճն ու հաջողությունները: Մյուս կողմից, որպեսզի մեր չեմպիոնը նույնպես կարողանա պայքարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի համար, մեզ անհրաժեշտ է ուժեղ ակումբներով համալրված առնվազն 12 թիմով առաջնություն: Քանի դեռ այս խնդիրը բաց է, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի դռները մեզ համար միշտ փակ են մնալու, բանալին էլ՝ պահակի մոտ:

Հ.Գ. Այսօրվա խաղում մեր թիմից ինձ վրա հոյակապ տպավորություն թողեց Խովբոշան: Երկրորդ հարկը լրիվ կրեց ու շատ գրագետ էր գործում աջ եզրում: Աբրահամ Խաշմանյանը համակրելի թիմ է ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել