Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կկատարի։

Ըստ այդմ՝ այսուհետ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսվում։

Մինչդեռ, ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն էր ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը:

Նախագծում, որը կառավարությանը կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նշվում է, որ հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը:

«Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը: Վերը նշված խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Դրանով պայմանավորված համապատասխանաբար փոփոխություն է կատարվում նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ», - ասված է որոշման հիմնավորման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել