Արդեն չեմ էլ հիշում, թե երբ էր նման բան եղել վերջին անգամ, բայց պետք է խոստովանեմ, որ այսօր ես հպարտություն զգացի, որ ԱԺ նախագահ ունենք։ Ճիշտն ասած՝ Բաբլոյանին այդքան էլ չեմ ճանաչում, ու երբ նրան ընտրեցին ԱԺ նախագահ, ապա մեծ ակնկալիքներ չունեի։ Թերևս բավարարվում էի այն մտքով, որ, Գրիգորիչից ու Արգամիչից բացի, ով էլ լինի, էլի լավ է։

Բայց արի ու տես, որ Բաբլոյանն անսպասելիորեն դրսևորեց արդեն այդքան մոռացված, բայց այդքան կարևոր վարք, որը հարիր է պետական այրին, այն էլ՝ բարձրաստիճան պետական այրին։

Կարդալով երեկվա ու այսօրվա մամուլի տեսությունները՝ մի տեսակ հպարտությամբ ես լցվում, որ ՀՀ քաղաքացի ես, ու քո շահերը արտասահմանում ներկայացնում է Բաբլոյանը։ Չեմ ուզում դատարկ հաճոյախոսություններ շռայլել, բայց լռել էլ չի ստացվում։ Մեր հիշողության մեջ էլ ե՞րբ էր եղել, որ խորհրդարանի նախագահը ոչ միայն չընկրկի ռուսաստանցի կոլեգաների մոտ, այլև լիկբեզ կարդա ժողովրդավարության ու ինքնիշխանության մասին։

Դե իսկ ռուսաց լեզուն պաշտոնական ճանաչելու առաջարկին տրված Բաբլոյանի պատասխանն ընդհանրապես կարելի է ներառել քաղաքագիտության դասագրքերում ու ձեռնարկներում՝ հղփացած ու լկտիացած բանակցորդին կարգի հրավիրելու մասին բաժնում։ Հիշեցնեմ՝ Բաբլոյանը Վոլոդինին բաց տեքստով ասել էր, որ ոչ մի օրենք էլ չենք պատրաստվում ընդունել, որովհետև Հայաստանում ռուսերեն անցնում են 2-րդ դասարանից, ինչն առավել քան բավարար է ռուսաց լեզվի համար մեր երկրում։

Հուսանք, որ թասիբով այս գիծը չի փոխվի ու վերջին առիթը չի լինի, որ մեր ժողովուրդը, գոնե բացառության կարգով, չի ամաչի իր պետական այրերի վարքից ու բարքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել