Հայկական շոու բիզնեսում հատկապես «Մայրիկ» երգով հայտնի դարձած մոսկվայաբնակ երգիչ Արշակ Բեռնեցյանը նոր երգ է ներկայացրել: «Վառվումա». այսպես է կոչվում տաղանդավոր մի քանի հայ ստեղծագործողների՝ Ռիչարդ Մադլենյանի, Գրիգոր Կյոկչյանի և երգի համահեղինակ Սարո Թովմասյանի նոր ստեղծագործությունը: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Ի դեպ, սա Երևանի կամերային թատրոնի շնորհալի դերասան ու ռեժիսորի առաջին փորձն է տեսահոլովակ նկարահանելու գործում:

Երգի ստեղծման պատմության, արդյունավետ համագործակցության ու ստեղծագործական մի քանի թեմաների շուրջ BlogNews.am-ը զրուցել է երգիչ Արշակ Բեռնեցյանի հետ.

«Ռիչարդ Մադլենյանի հետ արդեն երկու տարի է՝ համագործակցում եմ: Համատեղ աշխատանքներ ունենք, և երբ որոշեցի, որ մի լիրիկական երգ պիտի կատարեմ, կասկած չկար՝ այն պետք է Ռիչարդը գրեր: Մտերիմ ընկերոջս` Սարոյի հետ խորհրդակցեցինք թեմայի շուրջ, ու երբ Երևանում էի, զբաղվեցինք այս նախագծով: Միասին գնացինք Ռիչարդի ստուդիա, ու երբ մեղեդին, բառերն արդեն պատրաստ էին, Սարոն մի քանի հրաշալի գաղափար տվեց թե՛ մեղեդու, թե՛ բառերի համար: Արդյունքում նա էլ դարձավ երգի համահեղինակ: Բառերը Գրիգոր Կյոկչյանն է գրել։ Ինչո՞ւ նա, որովհետև վերջին շրջանում հենց Գրիգորի տեքստերն են ինձ շատ դուր գալիս»:

Ինչ վերաբերում է երգի տեսահոլովակին, ապա Արշակ Բեռնեցյանն ասում է, որ հիացած է ռեժիսոր Արշալույս Հարությունյանի աշխատանքով. «Տաղանդավոր ռեժիսոր է ու երբ պատմեց՝ ինչպես է պատկերացնում այս երգի տեսահոլովակը, հասկացա, որ ճիշտ հասցեով ենք դիմել: Մեղմ, լիրիկական, առանց ավելորդությունների ու վուլգարության տեսահոլովակ է, այնպիսին, ինչպիսին հենց «Վառվումա» երգն է»:

Արշակի հետ խոսեցինք նաև նրա ստեղծագործական գործունեության մասին: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժինն ավարտած երգչի համար, անշուշտ, ամենահոգեհարազատը հենց ժողովրդական երգն է: Հարմար առիթներն Արշակը երբեք բաց չի թողնում իր հանդիսատեսի համար կատարելու հայկական աշուղական ու գուսանական երգեր: Ու քանի որ երաժշտական հենց այս ուղղությունն է երգչի համար ամենահոգեհարազատը, հաճախ հենց հայկական ժողովրդական երգերն էլ էստրադային գործիքավորմամբ է մատուցում»:

Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցը ծնունդով Գյումրիից է: Թեև արդեն 10 տարուց ավել է՝ աշխատում ու ապրում է հայրենիքից հեռու, հաճախակի է լինում Հայաստանում: Գործնական հրավերները Արշակին ճանաչված ու սիրելի են դարձրել հայրենիքում, սակայն մեծ ու պրոֆեսիոնալ մենահամերգը Հայաստանում մնում է Արշակի առաջնային պլաններից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել