Փաստորեն, Վոլոդինի սկանդալային հայտարարության պատմությունը մի շարք խիստ ուշագրավ նրբերանգներ ունի, ու դատելով այդ նրբերանգներից՝ եղել է ցայտնոտային որոշում՝ պայմանավորված նրանով, որ ՀՀ ԱԺ պատվիրակության հետ վարորդական իրավունքների պրոբլեմատիկ հարցի քննարկման ժամանակ Վոլոդինը հուներից դուրս էր եկել։ Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով ու կարգով։

Փաստորեն, Մոսկվայում գտնվող ԱԺ պատվիրակությունը՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, անսպասելի բարձրացնում է հայ վարորդների գերխնդիրը դարձած հարցը, ինչին ռուսական կողմը պատրաստ չի լինում։ Ռուսական կողմը, սակայն, էլ ավելի պատրաստ չի լինում նրան, որ հապճեպ բերված կռուտիտը բավարար չի լինում հայաստանյան պատվիրակության համար, և մերոնք այդքան էլ չեն համաձայնվում այն տրամաբանության հետ, որ «դե, ախպերներ, օրենքն արդեն ընդունել ենք, որովհետև պարզել ենք, որ ավտովթարների մեծ մասը ռուսերեն չիմանալու պատճառով է լինում, ու բացառություն արել ենք այն երկրների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի»։ Բնականաբար, սա ոչ մի ողջամիտ մարդու չէր բավարարի, որովհետև ինչքան էլ Ղրղզստանում ու Տաջիկստանում ռուսերենը ինչևինչ կարգավիճակներ ունենա, մենք բոլորս էլ հո լավ գիտենք, որ միջին վիճակագրական ղըրղըզ ու տաջիկ խոպանչու ռուսերենի իմացությունը դրանից չի լավանում միջին վիճակագրական հայի համեմատ։

Մարլեզոնյան բալետն այսքանով չի ավարտվում, ու Վոլոդինն էլ, արդեն կատաղած, որոշում է, իր արևին, կծել ու առաջարկում է, որ խնդրի շուտափույթ լուծման համար Հայաստանը պաշտոնական լեզու ճանաչի ռուսերենը։ Էստեղ հրաշալի «թարս կապուտ» է անում Նիկոլը, ով միանգամայն տրամաբանական հարց է հղում Վոլոդինին․ «Հոպար, հիմա, ասենք թե, ընդունեցինք տենց օրենք, դրանից մեր խոպանչիները ավելի լա՞վ են ռուսերենին սկսելու տիրապետել»։ Վոլոդինը, չդիմանալով հայերի կողմից աննախադեպ այս նագլիությանը, արդեն բացահայտ հիստերիկ դրսևորումներ է սկսում դրսևորել ու արդեն Բաբլոյանին է կշտամբում, թե բա՝ ընդդիմությանը ինչո՞ւ եք ձայն տալիս։ Ու էդտեղ Բաբլոյանը «թարս կապուտ» է անում՝ «քուանշ սրածով»․ ասում է՝ հոպլո, մենք ժողովրդավար երկիր ենք, մեզ մոտ տենց չի կարելի։

Ու կռահեք՝ ինչ է անում հիստերիկացած Վոլոդինը ստեղծված իրավիճակում․․․ Բնականաբար, ամենահիմար բանը, որ կարող էր անել. կազմակերպում է տեղեկատվական արտահոսք, ու ՏԱՍՍ-ով իր դարակազմիկ ախմախությունը տարածում են։ Հետևանքները գիտենք․ երեկ Ֆեյսբուքը, սասնածռիստների հարցը մոռացած, ինքնամոռաց Վոլոդին ու Ռուսաստան էր քֆրտում։

Մի քիչ հոլիվուդյան շղարշով այս պատմությունից իրականում կարելի է մի շարք կարևոր ու, որքան էլ տարօրինակ լինի, հաճելի հետևություններ անել։ Նախ՝ սա այն եզակի դեպքերից է, երբ հայաստանյան պատվիրակությունը դրսևորում է սուվերեն երկրի պատվիրակությանը հարիր վարք, ընդ որում՝ դա անում է գրագետ, չափած-ձևած ու առանց ավելորդ պաթոսի։ Ավելորդ պաթոս ու անգրագետ մանիպուլյացիայի փորձեր տեսնում ենք Ռուսաստանի ու մասնավորապես՝ Վոլոդինի կողմից։

Մյուս հետևությունն այն է, որ, անկախ վարորդական իրավունքների հարցի հետագա զարգացումներից, սա շատ կարևոր ու դրական նախադեպ է։ Վերջիվերջո, պետք է հասկանանք, որ դարավոր եղբայրությունը՝ դարավոր եղբայրությունով, բայց արտաքին քաղաքականությունը կենացներով ու բարի ցանկություններով չեն անում, այլ չոր պրագմատիզմով ու պինդ սկզբունքներով։ Հուսամ, որ մեր պատվիրակությունում դուխները չեն գցի ու լավ ավանդույթ կդարձնեն նման գործելաոճը՝ լինի դա ռուսների, եվրոպացիքի, ամերիկացիքի, թե Վանուատուի մեր ռազմավարական գործընկերների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել