ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, դիմելով ՀՀ փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողություններն, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ:

Ըստ ոստիկանության՝ փաստաբանի նմանօրինակ գործելաոճն ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից:

ՀՀ ոստիկանության դիմումով մեջբերված է փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանին 28.06.2017թ. տրված՝ «Վարչախումբն ամեն ինչ անում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու համար. փաստաբան» վերտառությամբ հարցազրույցի տեքստը:

ՀՀ ոստիկանության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 17.07.2017թ. 195-Ա/ԿԳ-17048 որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներով:

Որոշմամբ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցազրույցի տեքստում իրավական քննադատական խոսքերից բացի, հրապարակվել են նաև որոշակի արտահայտություններ, որոնք փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից կատարված լինելը հաստատվելու դեպքում առերևույթ կարող են՝

1) հանգեցնել փաստաբան Մուշեղ Շուշանյանի նույնացմանն իր վստահորդի հետ, ինչը կարող է պարունակել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի խախտման հատկանիշներ, և
2) կասկածի տակ դնել փաստաբանի մասնագիտության հեղինակությունը, ինչը կարող է պարունակել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ՝ ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Կանոնագրքի 2.2.2 ենթակետի համաձայն՝ փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):

Կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել