«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: 

Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում: 

Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը:

«Հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը: Վերը նշված խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Դրանով պայմանավորված համապատասխանաբար փոփոխություն կկատարվի նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ»,- նշված է հիմնավորման մեջ:

Գործադիրը կքննարկի «ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը, որոնք նախապատրաստվել են հիշյալ որոշումները «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար երկարաձգված անձնագրերն օգտագործելիս առաջացող հնարավոր խնդիրը բացառելու նպատակով:

Նախագծերի ընդունման արդյունքում կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող հնարավոր խնդիրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել