Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում հուլիսի 14-ին, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և Սիրիայում ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ, տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով՝ «Այս անգամ ևս պատերազմից տուժած ավելի քան հարյուր ընտանիքներ ստացան մարդասիրական օգնության իրենց հասանելիք չափաբաժինները՝ մեծ երախտագիտությամբ և գոհունակությամբ ընդունելով բարեկամ Հայաստանի մարդասիրական օգնությունը:

Այս կապակցությամբ սիրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արմաշ արք. Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի, Սիրիայում ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կառույցների համագործակցության արդյունավետությունը: Իր հերթին Նորա Արիսյանը շնորհակալություն հայտնեց բարեկամ Հայաստանի կառավարությանը սիրիացի ժողովրդին աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել