Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով  մեկնել  է Արցախի Հանրապետություն:  

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի  հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում,  ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:

Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում: Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել