Լեհաստանում գերմանական շրջափակման ժամանակ Վարշավայի մի մասը վերածվեց գետտոյի, որտեղ տեղավորվում էին ավելի քան 400 հզ հրեաներ: Նրանցից շատերը ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ, իսկ թաղամասներում մնացածները տառապում էին սովից և հիվանդություններից: Իռենա Սենդլերն այս ժամանակաշրջանում եղել է սոցիալական ապահովության վարչության աշխատակից և գաղտնի կերպով ազատել է հազարավոր երեխաների գետտոյի պլանային ստուգումների ժամանակ:

Իռենա Սենդլերը (Կշիժանովսկայա) ծնվել է 1910 թվականին: Սովորելով Վարշավայի համալսարանում՝ նա միացել է լեհական սոցիալիստական կուսակցությանը, ինչի պատճառով էլ ժամանակավոր դուրս է մնացել համալսարանից:

Իռենան մեծացել է փոքրիկ Օտվոկ քաղաքում, որտեղ հրեական բազմամարդ հասարակություն էր բնակվում: Նրա հայրը՝ բժիշկ Ստանիսլավ Կշիժանովսկին, մահացել է 1917 թ. տիֆից՝ վարակվելով իր այցելուներից: Տեղի հրեական հասարակությունը, աղջկա հորը իր մարդասիրական աշխատանքի համար երախտապարտ լինելով, Իռենային սոցիալական աջակցություն է առաջարկել, որպեսզի վերջինս շարունակի ուսումը, սակայն նրա մայրն օգնությունից հրաժարվել է: Կենդանության տարիներին Իռենայի հայրը մեծ ազդեցություն էր ունեցել աղջկա և հրեաների հարաբերությունների զարգացման մեջ, այդ պատճառով էլ ուսանողուհի դառնալով՝ աղջիկն ակտիվորեն ցույցեր էր կազմակերպում գետտոյի համակարգի ստեղծման դեմ:

Գերմանացիների ներխուժումից հետո՝ 1939 թ., Լեհաստանում Իռենա Սենդլերը, վտանգելով իր կյանքը, սկսեց առաջնորդել մի խումբ, որն ավելի քան 3 հազար անօրինական փաստաթուղթ ստեղծեց հրեա ընտանիքների համար: 1943 թ. օգոստոսին նա գլխավորեց գաղտնի կազմակերպության երեխաների բաժինը և կրկին գաղտնի կերպով Վարշավյան գետտոյից արձակեց ավելի քան 2 հազար երեխաների:

Վարշավա տեղափոխվելով՝ Իռենան սկսեց աշխատել սոցիալական ապահովության քաղաքային վարչությունում: Նա մեծ ռիսկի գնաց՝ գործընկերնորի հետ հրեաների համար անձնագրեր կեղծելով: Իր շրջապատում հայտնի էր «Յոլանտա» կեղծանվամբ և գլխավորում էր «Ժեգոտա» խումբը, որը կրկին զբաղվում էր հրեա երեխաների փրկությամբ:

Սոցիալական ապահովության վարչությունում աշխատելու ժամանակ նրա պարտականությունների մեջ մտնում էր Վարշավյան գետտո պարբերաբար այցելելը՝ տիֆի ախտանշանները ստուգելու նպատակով: Այդպիսի ստուգումների ժամանակ Իռենան և գործընկերները հաջողեցնում էին երեխաներին շտապօգնության մեքենաներով, տրամվայներով, արկղերի կամ ճամպրուկների մեջ տեղավորած դուրս հանել այնտեղից: Անձամբ Իռենան ազատել է ավելի քան 400 երեխաների, իսկ ողջ կազմակերպությունը՝ շուրջ 2500:

Փրկված երեխաների համար նոր փաստաթղթեր էին պատրաստում և տեղավորում էին նրանց այլ ընտանիքներում կամ մանկատներում: Իռենան ցանկանում էր, որ երեխաներն իրենց հարազատների հետ կապը չկորցնեն, այդ իսկ պատճառով նրանց իրական փաստաթղթերը պահպանում էր՝ թաղելով գետնի մեջ: 1943 թ. նրան ձերբակալեց գեստապոն, սակայն բազում փորձերից հետո անգամ վերջիններիս չհաջողվեց որևէ բան իմանալ Իռենայից:

Երեխաների հին տվյալներն իրենց նոր, ոչ հրեական անունների և տեղակայման վայրերի անվանումների հետ միասին պահվում էին բանկերում: Գեստապոյի աշխատակիցները խուզարկեցին Իռենայի տունը և նրան ծեծի ենթարկեցին՝ կոտրելով ոտքերը, սակայն Իռենան ոչ մի տեղեկություն չտվեց: Նրան մահապատժի պետք է ենթարկեին, սակայն աղջիկը փրկվեց «Ժեգոտեի» ակտիվիստների կողմից մահապատժի տանելու հենց ճանապարհին: Պատերազմից հետո Սենդլերը բոլոր ցուցակները հանձնեց «Ժեգոտեին», որպեսզի բոլորը միասին միացնեն երեխաներին իրենց ընտանիքների հետ, սակայն փոքրիկների գրեթե բոլոր հարազատները մահացած էին:

Պատերազմի ավարտից հետո Իռենան շատ շքանշաններ ստացավ՝ ներառյալ իսրայելական թանգարանի «Յադ վա-Շեմի» հիշատակին շքանշան: Նրան նաև Նոբելյան մրցանակի թեկնածու ճանաչեցին: 1991 թ. Իռենան դարձավ Իսրայելի պատվավոր քաղաքացի:

Հետպատերազմյան տարիներին աղջկա կյանքը հեշտ ընթացք չունեցավ: Կոմունիստական ռեժիմը հետապնդում էր Իռենային սոցիալական կուսակցությանն իր անդամության համար: Քննությունների ընթացքում նա վաղաժամ ծննդաբերություն ունեցավ, ինչի հետևանքով էլ երեխան մահացավ: 1965 թ. «Յադ վա-շեմը» նրան արդարացի քաղաքացու կոչում շնորհեց, սակայն Լեհաստանում նրան թույլ չտվեցին գնալ Իսրայել՝ պարգևը ստանալու:  Դա Իռենան արեց շուրջ երկու տասնամյակ անց՝ 1983-ին: 2003 թ. Իռենային շնորհեցին Սպիտակ արծվի շքանշան, որը լեհական բարձրագույն պարգևն է: Հաջորդող տարիներին նա աշխատում էր որպես դասախոս ու կրթության և առողջապահության նախարարությունների աշխատակից՝ օգնելով մանկատներին: Լեգենդար Իռենան մահացել է 2008 թ.՝ ապրելով 98 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել