Հուլիսի 31-ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է 25 մասից բաղկացած «Դեպի երազանք» ֆիլմը: Այն մի աղջկա մասին է, ով երազում է երգչուհի դառնալու մասին։ Այստեղ հեռուստադիտողը կտեսնի այդ ճանապարհի բարդությունները, վերելքները և բարձունքները: BlogNews.am-ն այս անգամ զրուցել է ֆիլմի գլխավոր դերակատարուհի Քրիստինա Եղոյանի հետ:

«Մարմնավորում եմ մի աղջկա, ով, գյուղից գալով քաղաք, շատերին զարմացնում է իր պարզությամբ և միամտությամբ: Նա մանուկ հասակում կորցնում է մորը, բայց իր ունեցած հիշողություններով երգ է գրում նրա մասին և Երևան գալու առաջին իսկ օրվանից փորձում է իր երազանքը կյանքի կոչել՝ ձայնագրել երգը, նկարահանել տեսահոլովակ և նվիրել մայրիկի հիշատակին»:

Քրիստինայի զուգընկերը Կարեն Ասլանյանն է, ում ճանաչում է դեռ ուսանողական տարիներից: Ասում է՝ դա է պատճառը, որ իրար հետ համատեղ խաղալը հեշտ է ստացվել: Ի դեպ, Քրիստինան նաև խոստովանեց, որ. «Երգչուհի դառնալու մասին մանկուց եմ երազել: Ես յոթ տարեկանից զբաղվել եմ պրոֆեսիոնալ երգեցողությամբ: Երբ 16 տարեկանում ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ուժերս ամբողջովին կենտրոնացրի դերասանական արվեստում: Իսկ երբ առաջարկ ստացա նկարահանվել «Դեպի երազանք» նախագծում, նորից հաճախեցի վոկալի, որպեսզի կարողանամ պրոֆեսիոնալ ներկայանալ հեռուստադիտողին»: 

Խոսելով նկարահանման ընթացքում եղած բարդություններից՝ դերասանուհին նշում է. «Բարդություններ, իհարկե, լինում են, բայց եթե ուզում ես, որ կատարածդ աշխատանքը լինի որակյալ և սիրվի հանդիսատեսի կողմից, պետք է կարողանաս շրջանցել այդ բարդություններն ու ամբողջովին կենտրոնանալ քո աշխատանքի վրա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Եղոյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել