Ուշադրություն!
QS world university rankings-ը հրապարակել է աշխարհի 900 համալսարանների ցանկը։

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկը տեղ չի գտել աշխարհի մոտ 900 առաջատար համալսարանների ցուցակում, որ հրապարակել է կրթական խնդիրների հետազոտություններով զբաղվող բրիտանական Quacquarelli Symonds՝ QS հեղինակավոր կենտրոնը:
Փոխարենը, այս ցուցակում տեղ են գտել միանգամից երեք #ադրբեջանական համալսարաններ: Ճիշտ է, հարևան երկրում գործող այս երեք ուսումնական հաստատություններն էլ QS-ի հրապարակած ցանկի ետնամասում են: #Բաքվում գործող «Կովկաս» համալսարանը ադրբեջանական բուհերի թվում լավագույնն է` զբաղեցնելով համաշխարհային ցանկի 675-րդ հորիզոնականը: Բաքվի պետական համալսարանը 713-րդն է, իսկ ադրբեջանական մեկ այլ ուսումնական հաստատություն` «Խազար» համալսարանը` 737-րդը:

Սրանք բրիտանական կազմակերպության կողմից կազմված ցանկի միակ հարավկովկասյան համալսարաններն են: Վրացական համալսարանները ևս, ինչպես և հայկականները, դուրս են մնացել աշխարհի առաջատար բուհերի ցանկից:
Ուսումնական հաստատությունների վարկանիշային այս աղյուսակը բրիտանացի հետազոտողները կազմում են ամեն տարի՝ հաշվի առնելով մի քանի չափանիշներ` ակադեմիական շրջանակներում տվյալ ուսումնական հաստատության ձեռք բերած հեղինակությունը, դասախոսների և ուսանողների թվաքանակի հարաբերակցությունը, արտասահմանցի ուսանողների և դասախոսների թիվը, ինչպես նաև տվյալ համալսարանի համբավը գործատուների շրջանում:
QS World University Rankings
QS World University Rankings-ը բուհերի վարկանիշավորման տարեկան հետազոտությունների շարք է, որը հրատարակվում է բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds (QS) ընկերության կողմից։ Մասնագիտացած է արտերկրում կրթության և ուսուցման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1990թ., իրականացնում է կրթության վարկանիշավորման նախագծեր, որոնցից է նաև բուհերի վարկանիշավորման հետազոտությունը։
Սկզբնական շրջանում՝ 2004-2009թթ., ընկերությունն իր վարկանիշային հետազոտությունը հրատարակում էր բրիտանական հեղինակավոր Times Higher Education ամսագրի հետ համատեղ՝ որպես Times Higher Education-QS World University Rankings վարկանիշային հետազոտություն, սակայն 2010թ. նրանց համագործակցությունը դադարեց, և նրանք սկսեցին հրատարակել իրենց սեփական վարկանիշային հետազոտությունները։
Ընկերության վարկանիշավորման մեջ ներառվում են միայն այն բուհերը, որոնք առաջարկում են կրթության բոլոր մակարդակները՝ բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորատուրա (ասպիրանտուրա)։ Բուհի վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 6 ցուցչի վրա.

1. ակադեմիական հեղինակություն

2. գործատուների շրջանում հեղինակություն

3. դասախոսական կազմի հարաբերակցությունն ուսանողական կազմին

4. հղումների քանակ

5. օտարերկրյա ուսանողների մասնաբաժին

6. օտարերկրյա դասախոսների քանակ։

QS World University Rankings 2016թ. վարկանիշավորմամբ լավագույն բուհեր են համարվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը։ Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 1-ում։ Հայաստանի ու Վրաստանի բուհերի չընդգրկվելը թերևս պայմանավորված է կազմակերպության՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ։ Նկատենք, որ այլ վարկանիշային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի և Վրաստանի մասով տվյալներ առկա են։
Վերջերս լույս տեսավ կազմակերպության՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման հերթական՝ 2017-2018թթ. զեկույցը, որտեղ լավագույն բուհերի ցուցակը շարունակել է գլխավորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Ստորև ներկայացվում է լավագույն բուհերի տասնյակը.

1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

2. Սթենֆորդի համալսարան

3. Հարվարդի համալսարան

4. Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ

5. Քեմբրիջի համալսարան

6. Օքսֆորդի համալսարան

7. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)

8. Լոնդոնի թագավորական քոլեջ

9. Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց

10. Չիկագոյի համալսարան

Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում կրկին ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 2-ում։ Ռուսաստանյան լավագույն բուհ է ճանաչվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ զբաղեցնելով ցուցակի 108-րդ դիրքը (ցուցակում ընգրկված է ռուսաստանյան 21 բուհ)։

ԱՊՀ երկրների շարքում բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ղազախստանի բուհերի պարագայում, որոնցից ցուցակում ներառվել է 9 բուհ։ Վերջիններիս մեջ լավագույն արդյունքը Ալ-Ֆարաբի ղազախական ազգային համալսարանինն է (275-րդ դիրք)։

Բելառուսական բուհերից լավագույն արդյունքը Բելառուսի պետական համալսարանինն է՝ 421-430-րդ սահմանային հորիզոնական։ Իսկ ուկրաինական բուհերի շարքում լավագույն արդյունքը Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանինն է՝ 421-430 սահմանային հորիզոնական։

Հ.Գ. Պարզապես ամաչում եմ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել