Իրանցի հայտնի մաթեմատիկոս, մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր Ֆիլդսյան մրցանակի դափնեկիր Մարիամ Միրզախանին 40 տարեկանում մահացել է: Պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է: Այս մասին հայտնում է իրանական Tehran Times-ը:

Միացյալ Նահանգներում բնակվող իրանցի գիտնականը, ով դասավանդում էր Ստենֆորդի համալսարանում, չորս տարի է՝ պայքարում էր քաղցկեղի դեմ: Վերջերս նրան արդեն տեղափոխել էին հիվանդանոց:

Միրզախանին ծնվել էր 1977 թվականի մայիսի 3-ին: 1999 թվականին նա Իրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 2004 թվականին` Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան: 2014 թվականին նա դարձավ առաջին կինն ու առհասարակ առաջին իրանցին, ով արժանացավ Ֆիլդսյան մրցանակի՝ այն էլ 40 տարին չբոլորած: Նա այս պատվավոր մրցանակը ստացավ «Ռիմանյան մակերևույթների և նրանց մոդուլային տարածությունների դինամիկայում և երկրաչափությունում ունեցած ակնառու ավանդի համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել