Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «կործանարար գործունեության» մասին իրենք իշխանություններին զգուշացրել էին շատ վաղուց, մինչդեռ «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչինչ չցանկացավ լսել այդ մասին»:

«Նրանք Գյուլենի հետ դաշնակիցներ էին: Թուրքիան բաժանել էին իրար մեջ»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Նա նաև հավելել է, որ իրենք կասկած չունեն, որ հեղաշրջման փորձի հետևում գյուլենականներն են կանգնած, սակայն նաև վստահ են, որ Էրդողանն ու Հետախուզական կոմիտեն, ունենալով այն կանխելու բոլոր հնարավորությունները, չեն արել դա, քանի որ «իշխանությունները ցանկացան օգտվել հեղաշրջման փորձից»:

«Հետախուզական կոմիտեն ցերեկվա ժամերին է ստացել հնարավոր հեղաշրջման փորձի մասին տեղեկությունը: Մինչդեռ Էրդողանի խոսքով՝ նա այդ մասին իմացել է երեկոյան՝ իր փեսայից: Մենք հավատում ենք, որ նրանք հեղաշրջման փորձից օգուտներ քաղելու նպատակով մինչև որոշակի կետ թողել են վիճակն ինքնահոսի», – ասել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել