Yerkir.am-ը գրում է.
Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան Սևան Նշանյանը թուրքական բանտից փախուստի դիմելուց հետո առաջին մեկնաբանությունը տվել է Haberturk-ին։
 
Նիշանյանը հաստատել է բանտից դուրս գալու և այլևս չվերադառնալու վերաբերյալ լուրերը՝ հրաժարվելով պատվել, թե ինչպե՞ս և ե՞րբ է փախուստը կազմակերպել։
 
Հարցին, թե բանտից թույլտվությա՞մբ է դուրս եկել, Նիշանյանն ասել է․«Ես չեմ ցանկանում այդ մասին որևէ մեկնաբանություն տալ։ Վաղ է խոսել փախուստի ձևերի և ճանապարհների մասին։ Երբ ժամանակը գա, կպատմեմ բոլոր մանրամասները․ դրանում ոչ ոք չկասկածի։ Բայց հիմա դեռ ժամանակը չէ»։
 
Նիշանյանի խոսքով՝ եկել է շունչ քաշելու ժամանակը։
 
«Մտածեցի՝ 3.5 տարին արդեն բավական է: Հետևաբար, ժամանակն է շունչ քաշել։ Սա է եղածը։ Դե, այս պայմաններում որոշեցի օգտվել պետության մի շարք պայմաններից, այս դեպքում՝ թերացումներից և դուրս գալ նրանց վերահսկողությունից», - ասել է Նիշանյանը։
 
Թուրքական DHA կայքը հեռախոսազանգի միջոցով նույնպես կապ է հաստատել Նիշանյանի հետ։
 
Լրատվամիջոցը փորձել է հետաքրքրվել` նա դուրս եկե՞լ է երկրից, թե՞ ոչ։
 
«Բանտում էի, այլևս՝ չեմ, չեմ էլ ծրագրում վերադառնալ։ Ես էլ չգիտեմ՝ այժմ որտեղ եմ»,-ասել է Նիշանյանը։
 
Նիշանյանի հետ կապ է հաստատել նաև թուրքական Hurriyet-ը։
 
Թերթի հետ զրույցում նա ասել է․ «Ապօրինի ձերբակալության համար մի բան էլ ավել մնացի՝ 3.5 տարի։ Եվս 3.5 տարի չէի կարող ձգել։ Սկզբում փորձեցի դիմանալ, սակայն, քանի որ նրանք ապօրինություններից ետ չէին կանգնում, այս որոշումը կայացրեցի։ Ես չէի կարող այս խեղկատակությանը այսքանից ավել դիմանալ։ Կարիք չկա 48 ժամ սպասել, թող հիմիկվանից ինձ փախստական համարեն։ Կարող է արտասահմանում եմ, կամ էլ՝ այստեղ։ Կարող է նաև որոշ ժամանակ հետո արտասահման մեկնեմ։ Սակայն Թուրքիան մեր երկիրն է։ Իհարկե մի օր անպայման վերադառնալու ենք։ Թուրքիայից փախչելը հեշտ է, որոշ գումար տվողը, ինչպես տեսնում եք, կարողանում է փախչել։ Կառույցներին, անվտանոգւթյան աշխատակիցներին էլ փող տալու դեպքում ավելի հեշտ է դառնում այդ ամենը։ Ինչպես արդեն ասացի՝ տարոսը՝ մնացած 80 միլիոն ժողովրդին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել