Ամառվա այս շոգ եղանակին դիմահարդարմանը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել: Եթե նույնիսկ գերադասում եք կայուն, անփոփոխ շպար, ամռանը օգտագործել նույն կոսմետիկ միջոցները, ինչ ձմռանը կամ գարնանը, պարզապես հոգնեցնող է, ոչ այնքան հաճելի և հաճախ նաև վնասակար:

Այս սեզոնին արդեն մոդայիկ չեն գույների խտությունն ու առատությունը: Դիմահարդարները միաձայն առաջարկում են հետևել բնական կերպարին՝ մինիմում գույներ, թեթև տոնային երանգներ:

Գարուն-ամառ սեզոնին ընդհանրապես խորհուրդ է տրվում հրաժարվել տոնային կրեմներից, իսկ եթե, այնուամենայնիվ, հարկավոր է, ապա օգտագործել քիչ, աննշան: Այս սեզոնին արևայրուք ընդունած թուխ մաշկն այլևս ակտուալ չէ, այնպես որ, հրաժարվեք Ձեր շտկող կրեմներից, դիմափոշիներից:

Սեզոնի թրենդը ճենապակու գույնի մաշկն է: Պատկերացրեք Ձեզ ճենապակյա տիկնիկի դերում և ձգտեք լինել այդպիսին:

Եղանակը ամռանը խիստ անբարենպաստ է դիմահարդարման համար: Կոսմետիկ միջոցներ ընտրելիս, հատկապես աչքի մատիտի, թարթչաներկի ընտրության դեպքում, ուշադիր եղեք, որ դրանք ջրակայուն լինեն: Այս երկուսը շատ արագ կարող են փչացնել Ձեր ամբողջ դիմահարդարումը, եթե տաքությունից դառնան ծորուն, կթողեն նաև հետքեր: Գույներից նախընտրեք սևն ու մոխրագույնը: Շատ ակտուալ կլինեն աչքերին սրածայր պոչիկները:

Ստվերաներկն ընտրեք բաց գույների, ամառային տոների մեջ: Իդեալական տարբերակ է բաց մոխրագույնը կամ բաց կանաչը:

Բնական պետք է լինեն նաև շուրթերը՝ թեթև բաց գույնի շրթներկ կամ փայլ: Պատկերացրեք՝ ինչ գեղեցիկ կնայվեն բնական շուրթերը մոխրագույն կամ բաց կանաչավուն ստվերաներկով աչքերի եւ ճենապակյա մաշկի հետ:

Այս նուրբ դիմահարդարումը կհաղորդի Ձեզ ամառային թեթևություն, գեղեցկություն և նրբություն:

Ամառային կոսմետիկան պետք է լինի թարմացնող: Սա վերաբերում է տոնային կրեմին, շրթներկին, աչքի մատիտին, ստվերաներկին, թարթչաներկին… Արևը մեծ քանակությամբ հեղուկ է խլում Ձեր մաշկից, որը պետք է փոխհատուցվի:

Անպայման հետևեք մաշկին դիմահարդարվելուց առաջ և հետո: Չմոռանաք կոսմետիկա օգտագործել միայն մաքուր մաշկի վրա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել