«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. ««Գիտական հետազոտություններն» այն մասին, թե որ ազգն է իրեն ամենաերջանիկը համարում, որ ազ­գի կանայք են ամենագեղեցիկը, ում եղունգներն են ամենաերկարը, որի գենն է ամենահինը և այլն, իմ մեջ, մեղմ ասած, կասկածներ են առաջացնում: Դա, իմ կարծիքով, միանգամայն պիտանի է ամառային թեթև ընթերցանության համար, ինչպես, օրինակ, գուշակությունները, թե որ կենդանակերպի նշանի տակ ծնվածին ինչ է սպասվում վաղը, մյուս շաբաթ կամ մյուս ամիս: Երկուսն էլ պարզապես զվարճանալու համար են՝ ովքեր հավատում են, կարծում եմ, չա­փազանց միամիտ են: «Ամենա-» քաղցր, խելացի, շատակեր, ազատատենչ և այլն ազգերի մասին «բրիտանացի գիտնականների» հետազոտությունները նույն արժեքն ունեն:
 
Համարձակվեմ անգամ ասել, որ «կոռուպցիայի ընկալման համաթիվը» նույնպես աստվածաշնչյան ճշմարտություններ չի ներկայացնում, եթե «ընկալում» է, ապա՝ սուբյեկտիվ: Ես կարող եմ ամբողջ օրը գոռալ՝ «սաղ գող են ու կաշառակեր»՝ ինքս նրանցից մեկը լինելով: Իմ «ընկալումն», այդպիսով, ոչ մի կոպեկի գին չի ունենա:
 
Եվ ահա հիմա էլ պարզվեց, որ մենք հետխորհրդային տարածքում «ամենաբարոյական» ազգն ենք: Ին­չո՞ւ: Որովհետև պարբերականներից մեկը հարցում­ներ է հրապարակել, թե ինչպես են այդ ազգերի ներ­կայացուցիչները վերաբերվում տարբեր «բարոյական» խնդիրներին: Հետաքրքիրը ոչ թե այն է, թե ինչպես ենք մենք հայտնվել նման «առաջատար դիրքերում», այլ այն, թե ինչն են հարցման կազմակերպիչները դիտում բարոյականության հարթության վրա:
 
Ընտրված թեմաներից միայն մեկը կապ ունի բա­րոյականության հետ՝ աբորտը: Ենթադրենք, Հայաս­տանում ավելի շատ, քան այլ երկրներում, դա անբարոյականություն են համարում: Սակայն ինչպես և կո­ռուպցիայի դեպքում, մի բան է «համարելը», այլ բան է՝ ապրել քո այդ կարծիքին համապատասխան: Մնա­ցած բոլոր չափանիշներն, իմ կարծիքով, բարոյակա­նության տեսանկյունից «չեզոք» են:
 
Օրինակ՝ սեռա­կան հարաբերությունները ամուսնությունից առաջ ցանկացած մարդու անձնական գործն է, դրա առկա­յությամբ կամ բացակայությամբ հնարավոր չէ որոշել մարդու բարոյականության աստիճանը (եթե ընդհան­րապես որևէ մեկը նման խնդիր է դնում): Նույնը՝ սե­ռական կողմնորոշումը, ո՞ւմ ինչ գործն է՝ ով է ավելի բարոյական՝ «նատուրալ» մարդասպան և կաշառա­կե՞րը, թե՞ միասեռական օրինապաշտը:
 
Մնացածը՝ ալկոհոլ, թմրանյութ օգտագործելը կամ ծխելը նույնպես բարոյականության հետ կապ չունեն: Վերջին երկուսը միանշանակ վնասակար են առողջու­թյան համար, ով դրան համաձայն է՝ իր ընտրությունն է: Չափի մեջ կարմիր գինի օգտագործելը, հակառա­կը՝ օգտակար է առողջության համար, բայց դա նույնպես ոչինչ չի ասում մարդու «բարոյական կերպարի» մասին:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել