«Փոքրիկ քայլերով, բայց անշեղորեն մեր հյուսիսային հարևանը մեզ տանում է դեպի հետ՝ սովետական անցյալ, դեպի ռուսական մեծապետականության խորխորատներ։ Եվ դա անում է առաջին հերթին տնտեսական, ապա նաև մշակութային, սոցիալական ու հոգեբանական տարբեր եղանակներով՝ ՀՀ քաղաքացիներին գրկաբաց ընդունելուց մինչև սովետական ժամանակաշրջանում ծնվածներին քաղաքացիություն տալու ազատականացում, բացահայտ սպառնալիքներից մինչև խորամանկ զգուշացումներ և անվտանգության հետ կապված այլ խնդիրներ, հակառակորդին զինելուց մինչև սահմանային ընդհարումների հրահրում։
 
Իսկ վերջին օրերին ամենուրեք քննարկվում են հայկական դպրոցների ատեստատների ռուսալեզու գրառումները և հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում չճանաչելու փաստը։   Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ մեր անխախտ բարեկամն է, իր Դումայում օրենք են ընդունում, որով ՌԴ տարածքում ճանաչվելու են միայն այն երկրների տրամադրած վարորդական վկայականները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է։
 
Թե ինչ կապ ունի ռուսերենն ավտոմեքենա վարելու հետ, պարզ չէ, բայց պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով։ Չէ՞ որ հայ աշխատանքային էմիգրանտները ղրղզներից քիչ չեն Ռուսաստանում, և նրանք նաև մեքենա են վարում, ուստի սա շատ կարևոր է Ռուսաստանում ապրող հայերի համար։
 
Ինչպե՞ս կանգնեցնել ռուսական այս «գրոհը», որի վերջը չի երևում։ Չէ՞ որ ռուսական տիրույթում գտնվելու վնասները, ըստ էության, ավելի շատ են, իսկ օգուտները՝ աննշան։   Ոչ Ղարաբաղի հարցում կարողացանք օգտվել մեծ եղբոր աջակցությունից, ոչ տնտեսական առումով շահեցինք և դեռ քաղաքակիրթ աշխարհին մասը կազմելու գործընթացից էլ դուրս մնացինք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել