Հիպերտրիխոզ՝ ավելորդ մազածածկույթՀիպերտրիխոզը կանանց մոտ մազերի աճն է դեմքի, կրծքերի, ձեռքերի ու ոտքերի վրա, ինչը կարող է հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել կնոջը:

Չափից ավելի մազակալման համար կա երկու պատճառ՝ տղամարդու թեստոստերոն հորմոնի գերարտադրությունը և մազային ֆոլիկուլի գերզգայունությունը դրա նկատմամբ: Սովորաբար մազոտությունը բնածին է լինում: Սակայն մազերի աճի խթան կարող են հանդիսանալ զանազան սնուցող քսուքները, հորմոնային հիմքի վրա պատրաստված դեղամիջոցները, սպիտակեցնող լոսյոնները, նույնիսկ տարաբնույթ պրոցեդուրաները, օրինակ՝ մերսումները և այլն:

Մազերի աճի ակտիվացումը նկատվում է սեռական հասունության կամ դաշտանադադարի ժամանակ: Աղջիկների մազոտությունը կարող է կապված լինել ներքին օրգանների հիվանդությունների առկայության հետ, այդ պատճառով պետք է անպայման դիմել ոչ միայն մաշկաբանին, այլ նաև էնդոկրինոլոգին:

Ասպիսով, ի՞նչ անել, եթե դեմքի վրա, այնուամենայնիվ, հայտնվել են  ավելորդ մազեր: Առաջին հերթին հրաժարվե՛ք վերը թվարկածներից: Ինչպես նաև հակացուցված է արևայրուքը, չարժի ընդունել ուլտրամանուշակագույն ճառագայթներ:  Ավելորդ մազերով հատվածներին խորհուրդ չի տրվում քսել սնուցող քսուքներ, որոնք ակտիվացնում են արյան հոսքը դեպի մաշկի մակերեսային շերտ:

Ինչպե՞ս պայքարել մազոտության դեմ: Միանշանակ ոչ պինցետի և ածելիի օգնությամբ. առաջինը բերում է մազերի դեֆորմացիայի, իսկ երկրորդը՝ հաստացման:

Մազածածկույթի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը էլեկտրական էպիլյացիան է: Իհարկե, այն ժամանակատար է, ցավոտ և պահաջում է մի քանի այցելություն: Էլեկտրոէպիլյացիան հետքեր չի թողնում մաշկի վրա:

Շատերն օգտագործում են նաև անհատական էպիլյատորներ, որոնք սակայն հարմար չեն բոլորի համար: Դրանք հակացուցված են II և III կարգի հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց, սրտամկանի ինֆարկտ տարած մարդկանց, հղիներին և մաշկային խնդիրներ ունեցողներին:

Սակայն ի՞նչ անել, եթե այս բոլոր միջոցներն անհասանելի են: Մնում են «տատիկի» փորձված  միջոցները: Հարյուր գրամ ջրին ավելացնում ենք երկու-երեք հիդրոպերիտի հաբ և խառնում մինչև լուծվելը: Բաժակի մեջ լցնում ենք լուծույթի անհրաժեշտ քանակը և ամեն երկու-երեք թեյի գդալից հետո ավելացնում ենք 3-5 կաթիլ անուշադրի սպիրտ և մի փոքր էլ օճառի փոշի: Ստացված փրփուրով ծածկում ենք մազիկները երկու-երեք անգամ, այնուհետև լվանում ենք տաք ջրով և չորացնում սրբիչով:

Այս պրոցեդուրան պետք է կատարել շաբաթը մի քանի անգամ, եթե այն ձեզ մոտ գրգռում չի առաջացնում: Իսկ գրգռման դեպքում չոր մաշկի համար նախատեսված ցանկացած քսուք քսե՛ք: Իհարկե, սա ձեր մազերի աճը չի կանգնեցնի, պարզապես դրանք անտեսանելի կդարձնի:

Կարելի է մեկ ուրիշ բան փորձել. շաքարի 10 կտորները լուծե՛ք մի փոքր ջրի մեջ, ավելացրե՛ք լիմոնի հյութ և եփե՛ք մինչև զանգվածը դարչնագույն դառնա: Զանգվածը քսե՛ք մազածածկույթին և երբ այն չորանա, հանե՛ք: Այս մեթոդն այնքանով է նախընտրելի, որ այն չի նպաստում մազերի աճին:

Ավելի զգայուն հատվածների համար օգտագործվում են քիմիական նյութեր, որոնք քայքայում են մազերը, սակայն ոչ արմատները: Դրանք կոչվում են դեպիլյատորներ:

Իսկ վերջում մի նկատառում. իհարկե, ոտքերի ու ձեռքերի ստվար մազածածկույթի դեմ պետք է պայքարել, սակայն եթե վերին շրթունքի վրա կան հազիվ նկատելի մի քանի մազիկներ, ապա մի՛ շտապեք արմատական միջոցների դիմել: Ֆրանսիացիներն ու իտալացիները՝ Եվրոպայի հայտնի սիրեկանները, այդպիսի նուրբ մազածածկույթը համարում են զգացմունքայնության նշան: Այնպես որ, ո՞վ ասաց, որ այդպես գեղեցիկ չէ:

Աղբյուրը՝ Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել