Կարճ դիտարկում «Ռիա նովոստի» լրատվական գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի տված հարցազրույցի վերաբերյալ, որը շատ արագ դարձավ հայկական մամուլում տարբեր մեկնաբանությունների ու վերլուծությունների թեմա։ 
Հայ վերլուծաբանների մի հատված չհապաղեց հարցազրույցում հնչեցված որոշ դիտարկումներ որակել որպես Ալիևի և պաշտպանության նախարարի միջև դրսևորվող հակասությունների հնարավոր խորացման միտում։ Փորձագիտական գնահատականներում այդ հակասությունները այնքան ընդգծվեցին, որ խոսվում էր արդեն Ադրբեջանում 2018թ. նախագահական ընտրություններին գործող պաշտպանության նախարարի հաղթանակի հնարավորության մասին։ Իհարկե, որևէ սցենար չի կարելի բացառել և անհրաժեշտ է ուղղակի հաշվի նստել ամենահոռետեսական սցենարի իրագործման հնարավորության հետ անգամ։ 
Այնուհանդերձ, Զաքիր Հասանովի հարցազրույցում բարձրացված որոշ դիտարկումների հիման նման հետևությունների հետ կապված կան որոշակի օբյեկտիվ հակադրություններ։
Նախ` գործող պաշտպանության նախարարը ներկայումս հանդիսանում է Ալիևի վստահելի գործիչներից մեկը, որին Ալիևը կարող է տեսնել որպես քաղաքական-ռազմական հենարան։ Առավել ևս, եթե շարժվենք Ալիևի և Մեհրիբան Ալիևայի միջև կլանային հակասությունների զարգացման տրամաբանությամբ։
Երկրորդ` որքան էլ անցանկալի է, այսուհանդերձ, հաշվի պետք է առնել Հասանովի դերը ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով մեր տարածքային որոշակի կորուստների հարցում։ Որքան էլ անցանկալի լինի, այդ ամենի արդյունքում Ադրբեջանի հասարակությունում նկատելի է որոշակի ոգևորություն, ուստի, թերևս հիմա անիրատեսական են Հասանովից Ալիևի ազատման հնարավորության մասին սցենարները։
Երրորդ` հարցազրույցը հիմք հանդիսացավ տարբեր կարծիքների համար առ այն, որ Մոսկվան իբր ինքն է ձգտում նպաստել ի հակակշիռ Ալիևի, Հասանովի վարկանիշի բարձրացման հարցում։
Նկատենք, սակայն, որ հարցազրույցը կազմակերպվել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումից անմիջապես հետո, ամենայն հավանականությամբ, ռուս-ադրբեջանական քարոզչական այն հայտնի շրջանակների կողմից, որոնք մշտապես ակտիվ և հաճախ արդյունավետ հստակ ընդգծված աշխատանք են տանում հայ-ռուսական գործակցությունում խնդիրներ առաջացնելու նպատակով` համարժեք և լավ վարձատրության դիմաց։
Այլ բան է ` մենք ինչ ենք ցանկանում տեսնել ադրբեջանական զարգացումների դեպքում, լրիվ այլ` օբյեկտիվ իրականությունը, որը և կարելի է անհրաժեշտաբար մատուցել հանրությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել