Yerkir.am-ը գրում է.
Այսօր Արցախին եվրոպական մարդասիրական կազմակերպությունների կողմից օգնություն տրամադրելու ՀԲԸՄ միջոցառման ժամանակ, Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Արցախը լինելով Եվրոպայի մաս՝ արդար չէ, որ դուրս է մնացել եվրոպական ինստիտուտների ուշադրության կենտրոնից:

Մելիքյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյան կարելի է  դիտել որպես բաժանարար գիծ: «Այդ իրադարձություններից հետո արցախյան հիմնախնդիրների նկատմամբ սփյուռքյան կառույցների ուշադրության ակնհայտ մեծացում եմ տեսնում»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը, ապա հավելեց, որ իրենց ակնկալիքը Եվրոպայի ներկայությունն է Արցախում:

Ըստ նրա՝ Եվրոպական քաղաքակրթությունն արցախցիների ընտրությունն է: Նա հավելեց, որ փորձում են, որպեսզի Արցախում մարդու իրավունքները պաշտպանվեն եվրոպական չափանիշներով, և որ Արցախն իրեն Եվրոպայի մաս է զգում:

Հարցին՝  որքանո՞վ է անվտանգ այսօր թալիշցիների համար վերադառնալ իրենց բնակավայրերը, նա արձագանքեց. «Արցախի Հանրապետությունն իրենից կախված ամեն ինչ փորձում է անել, և շատ հաճախ դա դրսևորվում է շատ կոնկրետ և հստակ ծրագրված միջոցառումներով, որպեսզի անվտանգության մակարդակը լինի հնարավորինս բարձր, բայց մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք»:

Նա նշեց, որ անվտանգությունը սև ու սպիտակ երևույթ չէ: «Չի կարելի ասել՝ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում բացարձակ վտանգավոր է: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն ունենում է անվտանգության մակարդակի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել