168.am-ը գրում է.

ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական ուղիներով հայտարարություն է արել մի քանի երկրների, այդ թվում ԱՄՆ-ին, իրավապատշպան Լյու Սյաոբոյի մահվանից հետո այդ երկրների պաշտոնատար անձանց «ոչ պատշաճ» մեկնաբանությունների առնչությամբ:

Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: «Մենք հայտարարություններ ենք արել մի քանի երկրների, որոնք ոչ պատշաճ արտահայտությունններ են թույլ տվել Լյու Սյաոբոյի մահվան առթիվ»,- նշել է նա:- Այդ պետությունների թվում է ԱՄՆ-ը»: Ավելի վաղ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում նաեւ զետեղվել է համապատասխան հայտարարություն, որտեղ Պեկինը դիմել է «Չինաստանի իրավական ինքնիշխանությունը հարգելու» կոչով:

Հուլիսի 13-ին պետության ղեկավարի մամուլի քարտուղար Շոն Սփայսերի՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «խորապես վշտացած է» Լյու Սյաոբոյի մահվան կապակցությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նույնպես ցավակցություններ է հայտնել իրավապաշտպանի մերձավորներին եւ Պեկինին կոչ է արել տնային կալանքից արձակել նրա կնոջը՝ Լյու Սյային եւ նրան թույլ տալ հեռանալ Չինաստանից:

Լյու Սյաոբոն 2009 թվականի դեկտեմբերին դատապարտվել է 11 տարվա բանտարկության «պետական կարգի խարխլման սադրանքի» համար: Չինաստանի իշխանությունները նրան մեղադրել են «հակակառավարական լուրերի տարածման» եւ «ներկայիս կառավարության տապալմանը նպատակամղված գործունեության կազմակերպման» մեջ: 2010 թվականին նրան շնորհվել է խաղաղության Նոբելյան մրցանակ, ինչը հարուցել է Պեկինի բողոքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել