Թուրքիայի հովանավորությունը վայելող ահաբեկչական Սիրիական ազատ բանակի հրամանատարներից մեկը՝ Ահմեդ Օսմանը, ակնարկել է, որ Սիրիական ազատ բանակը կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում գործող Քրդական դեմոկրատական միություն կուսակցության (PYD) զինյալների դեմ, որոնք վերահսկում են Թել Ռիֆաթ քաղաքը։ Ըստ Օսմանի՝ քաղաքի և նրա շրջակա գյուղերի մոտ 200 հազար բնակիչներ, ովքեր ժամանակավորապես Աազազի շրջակայքում են հաստատվել, ցույցեր են կազմակերպում և պահանջում են քաղաքը և նրա շրջակայքը մաքրել քրդերից։

«Եթե ահաբեկիչները հրաժարվեն, ապա Սիրիական ազատ բանակը ռազմական գործողություններ կսկսի նրանց դեմ։ Մենք խնդրում ենք Թուրքիային պաշտպանել մեզ, ինչպես դա եղավ «Եփրատի վահան» ռազմական օպերացիայի ժամանակ»,- Ժնևում կայացած միջսիրիական բանակցություններից հետո հայտարարել է Օսմանը։ Վերջինս նաև նշել է, որ Թել Ռիֆաթը քրդերից խլելուց հետո թուրքամետ ահաբեկիչները պատրաստ են նաև գրավելու Աֆրինի մեծ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանը, որը սահմանակից է Թուրքիայի Հաթայ նահանգին։
Իրականում, Օսմանն ընդամենը բարձրաձայնել է Թուրքիայի նպատակները։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ առանց Անկարայի և արևմտյան որոշ ուժերի հետ համաձայնության Սիրիական ազատ բանակը մի քայլ էլ չի անի։
Նախ՝ Սիրաիական ազատ բանակի միջոցով Անկարան փորձում է փոքրացնել Սիրիայի հյուսիսում ձևավորված Քրդական ինքանավարության տարածքը, որը, եթե նախկինում երեք փոքր և անկլավային մասերից էր բաղկացած՝ Աֆրին, Քոբանի և Ջազիռա, ապա հիմա գրեթե միավորված է (Քոբանին և Ջազիռան միավորվել են և բավական ընդլայնել իրենց տարածքները)։ Թուրքերը ցանկանում են թույլ չտալ նրանց վերջնական միավորումը ընդհանուր մեկ միավորի մեջ։ Հենց դրանով էլ կարելի է բացատրել Անկարայի կողմից իրականացված «Եփրատի վահան» օպերացիան, որն իրականացվեց 2016 թ․-ի օգոստոսի 24-ից 2017 թ․-ի մարտի 29-ը։ Այդ ընթացքում թուրքական բանակին և Սիրիական ազատ բանակի ահաբեկիչներին հաջողվեց գրավել Ալ-Բաբ և Ջարաբլուս քաղաքները և թույլ չտալ Աֆրինի քրդերին միավորվելու Քոբանի-Ջազիրայի քրդաբնակ շրջանների հետ։ Անկարան ավելին էր ցանկանում. Էրդողանն այդ ժամանակ քրդերից պահանջեց լքել Մանբիջ և Քոբանի քաղաքները։ Սակայն ԱՄՆ-ից, ով պաշտպանում և զինում է սիրիացի քրդերին, Անկարային հասկացրին, որ չափը ճանաչի և կրակի հետ չխաղա։ Վաշինգտոնի նախազգուշացումները հասան իրենց նպատակին, և Էրդողանը հապաղեց։ Սիրիայի քրդերի հարցում Անկարան ակտիվացավ, երբ Իրաքի Քրդստանում հայտարարեցին, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին կանցկացնեն Իրաքից անկախանալու հանրաքվե։ Անկարայում շատ լավ գիտեն, որ Իրաքի և Սիրիայի Քրդստանների միավորումը ժամանակի հարց է, ինչպես նաև Իրաքի Քրդստանի անկախությունն էլ ավելի կմեծանցի կենտրոնախույս տրամադրությունները և շարժումները Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։
Երկրորդ՝ Էրդողանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Թել Ռիֆաթի նկատմամբ, քանի որ այն համարվում է Հալեպի հյուսիսարևմտյան արվարձան։ Էրդողանի «թուլությունը» Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի նկատմամբ բոլորը գիտեն, որն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբեկտիվ պատճառներ։
Պատահական չէ այն, որ Սիրիական ազատ բանակն ակտիվացավ Համբուրգում G20 շրջանակներում Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո։ Թրամփը, Պուտինը և Էրդողանը տարրականորեն բաժանում են Սիրիան։ Որքան կարելի է կռահել, Անկարայում դժգոհ են իրենց չափաբաժնից, որն ընդգրկում է Սիրիայի հյուսիսը (Աազազ-Ալ-Բաբ-Ջարաբլուս եռանկյունին) և գրեթե ողջ Իդլիբ նահանգը (հուսանք, որ Իդլիբը կազատագրվի Ասադի կողմից թուրք ահաբեկիչներից)։ ԱՄՆ-ի վերահսկողության տակ են անցնում Սիրիայի հյուսիսը և արևելյան որոշ տարածքներ (Աֆրին, Քոբանի, Մանբիջ, Թել Աբյադ, Ռասալայն, Ալ-Հասաքա և որոշ չափով Քամիշլի, հավանաբար նաև Ռաքքան), Սիրիայի և Իսրայելի սահմանակից շրջանները, Դերաայի որոշ մասը, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի սահմանի որոշ մասը (Ալ-Թանֆ բնակավայրը և անցակետը)։ ԱՄՆ-ն կփորձի պահպանել նաև ընդդիմադիր անկլավները Հոմսում և Դամասկոսում, որով որոշ չափով վերահսկելի և խոցելի կդարձնի այդ խոշոր քաղաքները։ Ռուսաստանը և Իրանը այս պահի դրությամբ Սիրիայում գործում են տանդեմով, սակայն ամեն մեկն իր վերահսկողության գոտիներն ունեն։ ՌԴ-ն կամրանա ալավիաբնակ Լաթակիայում և Տարտուսում, որտեղ արդեն կան ռազմածովային (Տարտուսի) և ռազմաօդային (Խմեյմին) ռազմաբազաներ, ինչպես նաև որոշ ազդեցություն կունենա Հալեպի և Թադմորի (Պալմիրա) շրջաններում։ Դամասկոսը, Հոմսը, Համան և դրուզաբնակ Սուվայդան Ասադի բանակի և Իրանի կողմից հովանավորվող «Հզբոլլահ»-ի վերահսկողության տակ են։ Ասադը կպահպանի իր դիրքերը նաև Հալեպում։ Հալեպի Շեյխ Մաքսուդ քրդաբնակ թաղամասը, լինելով շրջապատված Ասադի բանակի կողմից, կգերադասի համագործակցել Սիրիայի օրինական իշխանությունների հետ։
Հիմա կոնկրետ պայքար է գնում Սիրիայի նավթի և գազի համար, որի հանքերը գտնվում են երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում։ Եթե Թադմորի մոտ գտնվող գազի և նավթի հանքերի պահով ամեն ինչ պարզ է, ապա Ալ-Սուհնայի և Դեր-Զորի մոտ գտնվող գազի և նավթի հանքերի պահով ամեն ինչ դեռ առջևում է։ Ասադը, ինչպես նաև նրան հովանավորող ՌԴ-ն և Իրանը, ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդերը, ինչպես նաև «ԻՊ»-ի ահաբեկիչները դեռ պայքարում են նավթով և գազով հարուստ այս շրջանների համար։
Սակայն արդեն պարզ է, որ նախկին Սիրիան անցավ պատմության գիրկը, իսկ մենք էլ գրեթե կորցրինք մեր մերձավորարևելյան ամենախոշոր սփյուռքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել