Այնպես է ստացվել, որ պատժամիջոցների այս նոր փաթեթի մասին հայտարարությունները պատահաբար կամ դիտավորյալ համընկել են ԻԻՀ ԱԳ նախարար Մ․ Ջ․ Զարիֆի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու հետ։

Սպասվում է, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, օգտվելով իր՝ ԱՄՆ-ում գտնվելու առիթից, մի շարք հանդիպումներ կունենա ԱՄՆ բարձրաստիճան անձանց հետ՝ փորձելով ինչ-որ չափով կամ մեղմել ԱՄՆ-ԻԻՀ գերլարված հարաբերությունները կամ գոնե, այսպես ասած, հարաճուն-լարված վիճակից բերել կայուն-լարված վիճակի։

Եվ այս համատեքստում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին հայտարարելը հավանաբար ցուցիչ է լրացուցիչ ճնշման և կոշտ դիրքորոշման։

ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփն իր պաշտոնավարման հենց սկզբից էլ Իրանի հետ հարաբերություններում բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել և նույնիսկ հասցրել է հայտարարել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բ․ Օբամայի կողմից ստորագրված միջուկային համաձայնությունը թյուրիմացություն է և այն պետք է չեղարկել, բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև ԻԻՀ ԱԳ նախարար Մ․ Ջ․ Զարիֆի՝ փորձառու դիվանագետ և հմուտ բանագնաց լինելու հանգամանքը։

Համենայն դեպս, ինչպես իրանական, այնպես էլ միջազգային հանրությունը Մ․Ջ․ Զարիֆի այս այցից ինչ-որ սպասելիքներ ունի, թե ինչ, հետագան ցույց կտա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել