Yerkir.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և մերժեց իր դեմ փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Նշենք, որ Լուսինե Սահակյանն ինքնաբացարկ էր հայտնել դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը: Պաշտպանի խոսքով՝ դատավորը չի ղեկավարվում Քրեական դատավարության օրենսգրքով:

«Դուք այն դատավորն եք, որի օրոք և որի նախագահությամբ ընթացող դատական նիստի ընթացքում, արդեն դատարանի դահլիճից դուրս բերելիս՝ խոշտանգում է տեղի ունեցել ամբաստանյաների նկատմամբ, որը շարունակվել է հետագայում արդեն այլ տեղում, բայց դատարանի շենքում, և նրանց ձայները լսելի են եղել, այն աստիճանի լսելի, որ պաշտպանները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից համապատասխան աշխատակիցների են հրավիրել, իսկ Դուք ընդհանրապես չեք ցանկացել ոչ լսել, ոչ տեսնել ու ոչ էլ միջամտել: Այսինքն՝ Դուք այն դատավորն եք, որն ուղղակի չի կարողանում կառավարել այս դատարանը և չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով՝ այս գործով նիստերին խախտվում է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը: Նա հիշեցրեց, որ այս գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալներից մեկը չի կարողացել նամակը փոխանցել իր պաշտպանին, քանի որ այն առգրավվել են:

Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում վատացել է գործով ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանի առողջական վիճակը: Նշենք, որ Գիշչյանը ՊՊԾ գունդ մուտք գործած բեռնատարի վարորդն է:

Դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալի համար շտապօգնություն է հրավիրվել, բժիշկը հայտնել է, որ նրա վիճակում սրացում է առկա, և նա պետք է հիվանդանոց տեղափոոխվի՝ ստացիոնար բուժօգնության ցուցաբերման համար, ուստի ամբաստանյալը չի կարող մասնակցել նիստին։ Նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ այսօրվա նիստին դատավորը թարգման էր ներգրավել հիշյալ ամբաստանյալի համար:

Գիշչյանին արդեն տեղափոխել են հիվանդանոց: Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել