Artsakhpress.am-ը գրում է.

Ցանկացած հանդիպում կարևոր է, և մենք միշտ էլ արժևորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Ադրբեջանը, դժբախտաբար, շարունակում և շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը: Սա արդեն կախված է նրանից, թե ինչպիսի համակարգ ունեցող պետություն է այդ երկիրը, իսկ իր էությամբ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է: Ինչպես երևաց՝ հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է խաղաղության և կայունության վրա, ինչը շատ կարևոր է: Եվ դա միակ իրական թեման է, որը պետք է քննարկվի և ինչ-որ ձևով առաջընթաց ապահովի: Խոսել վերջնական խաղաղության մասին, բնական է, որ դեռ վաղաժամ է, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպումը կարելի է համարել կարևոր, և հուսանք, որ այն ինչ-որ տեղ իր դերակատարությունը կունենա խաղաղության կայունության ամրապնդման հարցում»,- ասել է Դ. Բաբայանը:

Խոսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին՝ Դ. Բաբայանը նշեց, որ պետք է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն, քանի որ այն կայունության և խաղաղության պահպանման մեխանիզմներից մեկն է:

«Հուսով ենք, որ միջազգային հանրությունը հետևողական կլինի այս հարցում: Ճիշտ է, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ տապալի գործընթացը. դա ապացուցում է վերջին սրացումների փաստը: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր դիրքորոշումը հայտնի, իսկ այդ դիրքորոշումը քանիցս հնչեցվել է. նրանք դեմ են ցանկացած ուժային տարբերակի և հակամարտության սրացման»,- հավելել է Դ. Բաբայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել