Դեսպանների աշխատանքը պերմանենտ աշխատանք չէ, ու դրա վերաբերյալ հասարակության թյուր ընկալումների արդյունքն է նաև, որ Ալեքսանդր Արզումանյանի նման հզոր ու հմուտ դիվանագետի նշանակումը Դանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնում սվիններով ընդունվեց որոշ շերտերի կողմից՝ հաշվի առնելով նախկինում նրա ընդդիմադիր գործունեությունը։ Ալեքսանդր Արզումանյանը 2008 թվականին ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը։ Դեսպանի աշխատանքն ավելի շատ ոչ թե իշխանությունների, այլ պետության հետ է։ Դրանք միշտ չէ, որ նույն բանն են, ու սա հասկանալ նույնպես ամեն մեկը չի կարող։ Անշուշտ, հասկանալի է, որ Արզումանյանի նշանակումը նրա նախկին կուսակիցների համար տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տալու, մանավանդ որ Սերժ Սարգսյանի հետ օրգանապես անհամատեղելի ՀՀՇ հին գվարդիայից է։ Բայց Արզումանյանը նախևառաջ դիվանագետ է։ Իսկ դիվանագիտությունը չափազանց շատ նրբություններ է պարունակում ու այն հնարավոր չէ պատկերացնել, եթե ինչ-որ չափով ծանոթ չես դրա իրացման մեխանիզմներին։ Դա է պատճառը, որ քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանն ու դիվանագետ Ալեքսանդր Արզումանյանը լրիվ տարբեր հասկացություններ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել