Yerkir.am-ը գրում է.
Oրերս ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, թե որևէ խնդիր չի տեսնում, որպեսզի 2018-ին վարչապետ լինի Սերժ Սարգսյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ Մելքումյանի այդ հայտարարությունից, բայցև կարող է ներկայացնել սեփական տեսակետը: «Մեզ համար անձերը կարևոր չեն, մեզ համար կարևոր է, որ վարչապետը լինի նա, ով երկիրը դուրս կբերի այս իրավիճակից՝ անկախ իր ազգանունից: Մեր քաղաքականությունը անձնավորված չէ, մեր թիրախը երկրի այս վիճակն է: Այն անձը, ով խելամիտ, հավակնոտ ծրագրերով կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից, մենք կկանգնենք նրա կողքին, կսատարենք նրա թեկնածությանը»,- ասաց նա, ապա հավելեց, որ այս պահին իրենց խմբակցության օրակարգում նման հարց չկա դրված:

Նա նաև նշեց, որ իրենք 2018 թվականին նախապատվություն կտան վարչապետի այն թեկնածուին, ում ծրագրերը կլինեն խելացի և հավակնոտ:

Պատգամավորի խոսքով՝ այս պահին «Ծառուկյան» դաշինքի օրակարգում չկա նաև 2018թ.-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը: «Այդ հարցի պատասխանը, կարծում եմ՝ ճիշտ է, որ հնչի, այն էլ դրա հիմքերի առկայության դեպքում, միայն մեկ անձի բերանից՝ մեր կուսակցության ղեկավար պարոն Ծառուկյանի: Ես ինձ իրավունք չեմ վերապահում նման հարցերով դատողություն անել: Եթե մեր խմբակցությունում քննարկում կլինի, եթե մեր կուսակցության ղեկավարը էդպիսի քննարկում ծավալի, ինքն էլ իրավունք ունի կուսակցության անունից հանդես գալ: Կյանքում ոչ մի բան չի բացառվում, չի բացառվում ինչպես այս կամ այն ուժի հետ կոալիցիա կազմելը, այնպես էլ՝ չկազմելը: Չի կարելի քաղաքականության մեջ երբեք ասել երբեք, բայց այս պահի դրությամբ անգամ նախնական պայմանավորվածություն չկա»,- ընդգծեց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել