Այսօր Բաքվում տեղի ունենալիք Էլմար Մամեդյարով - Էդվարդ Նալբանդյան հանդիպումից, մեծ հաշվով, շատ բան ակնկալել պետք չէ մի պարզ պատճառով. Բաքուն իր դիրքորոշումը չի փոխում ու մոտ ապագայում որդեգրած կանոններից շեղվելու մտադրություն չունի։ Խնդիրը հստակ է, կան սկզբունքներ ու կան այդ սկզբունքների շուրջ բանակցություններ, որոնք կողմերն ընդունում են ի գիտություն, սակայն պրակտիկ մերժում են։ Որպեսզի լինի բանակցությունը շարունակելու իմաստ, պետք է կողմերը քսան տարվա ընթացքում հասկանային, որ ելակետային դիրքորոշումներն արդյունավետ չեն ու չեն բերում համաձայնության։ Հայաստանը բազմիցս փորձել է դրա դեմն առնել թե՛ Կազանում, թե՛ դրանից հետո, պատրաստ է նաև այժմ դա կիրառել Վիեննայոմ ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած միջազգային պայմանավորվածություններով՝ անվտանգության մեխանիզմների տեղադրման առումով, սակայն Ադրբեջանն, ինչպես տեսնում ենք, հրաժարվում է նաև այս դիրքորոշումից։ Այն, ինչ հասկանում ենք մենք, հասկանում է, անշուշտ, նաև միջազգային հանրությունը։ Այս պահին հապաղողը ոչ թե Հայաստանն է, այլ հարևան երկիրը։ Ու աստեղ հարց է առաջանում՝ արդյոք սրա դեմ որևէ հակախաղ կա, թե չէ։ Արդյոք ինչ-որ ձևաչափով Ադրբեջանին պետք է հասկացվի, որ կոտոշները տնկելով ու քաղաքական կապրիզներով և ոչ մի բան չի փոխվելու ու տեղից չի շարժվելու։ Փոխարենն անընդհատ նոր զոհեր են լինում սահմանում, իսկ Հայաստանի համբերությունն այս առումով անսպառ չէ։ Այնպես որ, բանակցել միայն բանակցությունները շարունակելու համար առայժմ հայկական կողմի համար առավելագույնն է, որ կարող է անել հայկական կողմը։ Այլ գործիքակազմ այս պահին չկա՝ բացի դիվանագիտական խողովակներով փորձելուց ազդել միջազգային հանրության վրա՝ ստիպելով Ադրբեջանին տեղից շարժվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել