«Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում:
 
Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել: Մայիսի 5-ին սպանված գտան Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին: Այս դեպքից մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, մահացած գտան Գյումրու Կամոյի 71ա շենքի առաջին հարկի 3-րդ բնակարան բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունյանին: Երիտասարդի մահվան հետ կապված ոչ պաշտոնական մի քանի վարկած շրջանառվեց, բայց պաշտոնապես իրավապահների կողմից դեռ որևէ հայտարարություն չի եղել: 
 
Հունիսի 8-ին սկանդալային ծեծկռտուք էր տեղի ունեցել նշյալ փողոցի Շախմատի դպրոցի դիմաց: ՀՀԿ-ական, Գյումրու գազի գրասենյակի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանի վարորդի և Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանի սկանդալային վիճաբանությունը, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով, թեև դատախազությունը հերքեց այդ տեղեկությունները:
 
Հունիսի 25-ին կրկին Սայաթ-Նովա փողոցում սրճարաններից մեկի դիմաց օրենքով գողերի պատճառով տեղի էր ունեցել կրակահերթերի «հրավառություն», որի հետևանքով տուժել էր 1981 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը, նա դեռ ապաքինվում է: Խոսվեց, որ այս կրակոցների մեջ խառն է գյումրեցի հայտնի գող Զապի մատը, բայց այս խոսակցությունները կրկին չհաստատվեցին: Այժմ իրավապահները հետախուզում են հայտարարել 34-ամյա Արտյոմ Ղազարյանի նկատմամբ, նա Զապի`Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Չախալ Կարենը`31-ամյա Կարեն Սարգսյանը:
 
Ամենաթարմ կրիմինալ դեպքը Գյումրիում տեղի  է ունեցել երեկ` հուլիսի 9-ին: 21-ամյա մի տղա կենցաղային վեճի պատճառով դանակահարել էր 35-ամյա Սամվել Հովհաննիսյանին: Վերջինիս պատճառելով կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր: Քննչական կոմիտեն արդեն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ գործի շրջանակներում կա ձերբակալված անձ:
 
Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված: Ըստ երևույթին, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ:
 
Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել