Փաստացի, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական պատկերն այնքան է խճճվել Հայաստանում, որ 2018 թվականին հնարավոր են կոալիցիաներ այնպիսի պայմաններով ու դերակատարներով, որ հանրության համար կարող են բավականին անակնկալ թվալ։ Անշուշտ, ոչ ոք չի խոսում ռադիկալ դիրքորոշումների որդեգրման անհրաժեշտության մասին, ու ոչ մեկ չի էլ ասել, որ հավերժ իշխանություն ու հավերժ ընդդիմություն ունենալը պետությանը դարձնում են գրավիչ կամ մրցունակ։ Եթե հասել է այնպիսի պահ, որտեղ չեն լինելու այդ երկու մարմիններն, ու նրանց դերը արդեն պետք է այլ տեղ դիտարկել, ուրեմն՝ թող այդպես լինի, մանավանդ որ Հայաստանում թե՛ առաջին ու թե՛ երկրորդ դեպքերում այդ ինստիտուտների բովանդակությունն ու ընկալումը մարդկանց աչքում այլևս հասել է մինուս անվերջության։ Չկա վստահություն, հետևաբար սարերի ետևում չէ կոալիցիոն հուշագիրը։ Ինչ է ասել է կոալիցիոն կառավարություն. այն, որ ընդդիմությունն ու իշխանությունը կազմում են կառավարություն, որտեղ երկու բևեռներից էլի մարդիկ են լինում ու շարունակում են կառավարել երկիրը։ Դա երևի թե կառավարման այն տարբերակն է, որը դեռևս չի հասցրել փորձարկվել նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց, ինչպես տեսնում ենք, մոտ է նաև այն ժամանակը, երբ կարող է նաև դա տեղի ունենալ։ Համենայն դեպս, իրերի դասավորվածությունը հենց դրան էլ տանում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել