Shamshyan.com-ը գրում է․

Հուլիսի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց բախվել են ВАЗ 2101 մակնիշի 56 ՏՍ 272 համարանիշի ավտոմեքենան և կվադրացիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կվադրացիկլի վրա գտնվող երեխաներից մեկը տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որոնցից մեկը, գիտակցության չգալով՝ նույնպես մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշներով:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի և խմբի պետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, այնուհետև ավտոմեքենան և կվադրացիկլը քարշակի միջոցով քննիչ Ա. Ասատրյանի հանձնարարությամբ տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 01-ի վարորդի, վիրավորի և մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին, մեկը 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն էր, իսկ մյուսը՝ 13-ամյա Գոռ Խաչատրյանը, իսկ վիրավորը 13 տարեկան Երեմ Հախվերդյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել