Զարմանալ կարելի է մեր որոշ քաղաքագետ-վերլուծաբանների տարօրինակ պահվածքից։ Այսպես՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից 350 դիվանագիտական չվերթների միջոցով ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու մասին լուրերը, խորհուրդ է տվել թերահավատորեն վերաբերվել դրանց։ Փորձագետի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, դա հավաստի տեղեկություն չէ և կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող տեղեկատվական պատերազմի հետ։ 
Ես մտադրություններ չունեմ անդրադառնալու բուլղարական «Труд»-ում լույս տեսած հոդվածում բերված ապացույցների իրական կամ ոչ իրական լինելուն։ Ինչ էլ տպագրեր թերթը, դա մեր շահերից էր բխում։ Սակայն զարմանալին այն է, որ օտարերկրյա պարբերականին սուտ է հանում հայաստանյան փորձագետը։ 
Եթե այսպիսի մեկնաբանությամբ հանդես գար այլազգի որևէ քաղաքագետ, ես դրան շատ նորմալ կվերաբերվեի։ Շատերս նաև կասեինք, որ այդ թեզի հեղինակը գնված է ապշերոնյան բռնապետի կողմից։ Սակայն երբ այսպիսի անտրամաբանական և տարօրինակ, ավելի ճիշտ է ասել՝ հակահայ մեկնաբանությամբ է հանդես գալիս Հայաստանում բավական հարգված քաղաքագետը, ես չեմ կարող դա հասկանալ։ Նույնիսկ եթե այդ տեղեկությունը չի էլ համապատասխանում իրականությանը, այդ մասին Իսկանդարյանը չէ, որ պետք է բարձրաձայներ։ Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի մասին խոսելիս էլ հայազգի քաղաքագետն այնպես է մեկնաբանում, ոնց որ նա ոչ միայն հայ չլինի, այլև «խաղա» մեր հակառակորդի կողմից։ Եթե բուլղարական պարբերականը նյութ է հրապարակում, որի պատճառով Բաքվի մոտ սկսվում են գլխացավեր, ամենաքիչը, որ սպասում էի, հայի կողմից «ցավազրկող» հասցնելն էր Բաքվին։ Իսկանդարյանի սույն պայծառ մտքերը, որոնք հրապարակվել են հայաստանյան մամուլում (կարդացեք այստեղ), մեծ հրճվանքով են ընդունվել Բաքվում, որտեղ բացահայտ ասում են. «Այժմ կարելի վստահաբար պնդել, որ այդ հոդվածը կեղծ է, քանի որ այդ մասին խոսում են նաև Երևանում»։ 
Պահեր կան, երբ ավելի լավ կլինի լռել, այլ ոչ թե Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար դառնալ... Էլ չասեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել