Panarmenian.net-ը գրում է.

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 18 անձի մահվան պատճառ դարձած և 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն առաջիկա օրերին կարտահանձնվի Հայաստանին և կշարունակի պատիժը կրել հայրենիքում:

Ռուսաստանի արդարադատության նախարարության որոշման մեջ ասվում է, որ «Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու մասին դատական որոշումը ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսի 4-ին, որի մասին հայկական կողմն իրազեկվել է», գրում է «Sputnik Արմենիան»:

Երբ որոշման պատճենը հանձնվի ՌԴ արդարադատության նախարարությանը, այն կուղարկվի հայկական կողմին: Ինչպես պարզաբանել են նախարարությունում, ըստ ՌԴ ՔՕ 391 հոդվածի, առաջին ատյանի դատարանի որոշումը կամ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետը սպառվելուն պես կամ որոշման կամ դատավճռի կայացման օրը:

Կալանքի տակ գտնվող դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը ՌԴ դատարանի որշման պատճենը նրան հանձնելուց 10 օրվա ընթացքում:

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցել այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է:

Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել