«Դե ինչ, ողջունելի է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, թեկուզ ուշացումով, բայց այնուամենայնիվ նկատեց, որ հասարակությանը մտահոգում է «քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը»։ Ափսոս միայն, որ Վարդան Օսկանյանին, երբ արտգործնախարար էր ու որոշակի ազդեցություն ուներ ընդունվող որոշումների վրա, այդ հարցերը եթե հուզում էլ էին, ապա դրա մասին ոչ ոք չէր իմանում։ Պարզ ասած, նախկինում չենք նկատել, որ Վարդան Օսկանյանին այս հարցը հուզած լիներ։ 
Չենք լսել, որ բարձրաստիճան պաշտոնյա եղած ժամանակ գոնե ծպտուն հանած լիներ Երեւանի հին շենքերը քանդելու եւ բետոն-ապակյա «երկնաքեր» արկղեր տնկելու կապակցությամբ։ 
Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ԲՀԿ-ական որեւէ բիզնեսմեն կամ պատգամավոր Երեւանում կառուցապատման ծրագրեր չի՞ իրականացրել կամ չի՞ իրականացնում։ Արդյոք այդ նախագծերը բոլո՞րն անթերի են «ճարտարապետական դիմագծի», «կանաչ գոտիների» հետ հարաբերակցության եւ մյուս բոլոր քաղաքաշինական առումներով։ 
Ի դեպ, հետաքրքիր է, թե Երեւանի ավագանու անդամի, իսկ գուցե նաեւ՝ քաղաքապետի թեկնածու հարգարժան Վարդան Օսկանյանն ի՞նչ կարծիք ունի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ, սպորտի եւ երիտասարդության նախարարության («Սպորտկոմիտեի») հարեւանությամբ վեր խոյացած բազմաբնակարան բարձրահարկ շենքի մասին։ 
Հետաքրքիր է նաեւ, թե այդ շենքի տեսքի ու Երեւանի «ճարտարապետական դիմագծին» հարիր լինելու մասին ի՞նչ է մտածում Վարդան Օսկանյանի կուսակցական առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել