Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Կարասինի՝ Պրահայում կայացած այսօրվա հանդիպումից հետո վրացական կողմի արված հայտարարությունից պարզ է դառնում, որ Մոսկվան պատրաստվում է շվեյցարական ընկերության հետ բեռնափոխադրումների մոնիտորինգի համաձայնագիր կնքել: Աբաշիձեի խոսքով՝ այդպիսով ռուսական կողմը ևս կկատարի իր պարտավորությունը և ավարտին կհասցնի երրորդ՝ միջնորդ կողմի հետ տարվող աշխատանքները:

Հիշեցնենք, որ վրացական կողմն իր մասով գործընթացի նախապատրաստական աշխատանքները վաղուց ավարտել է, իսկ ռուսական կողմը դեռ հապաղում էր: Անհրաժեշտ էր կայացնել քաղաքական որոշում` պայմանավորված տնտեսական շահով: Կողմերը լավ են գիտակցում, որ այդ ցամաքային այլընտրանքային ճանապարհների բացումը ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից առաջընթաց կգրանցի և տնտեսական զարկ կտա տարածաշրջանին: Այստեղ առավելապես կշահի հայկական կողմը, քանի որ Լարսի հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ: Ընդհանուր առմամբ՝ շատ հարցեր կլուծվեն, ինչը կարևոր է նաև քաղաքական առումով:

Մաքսային գործընթացների և բեռնափոխադրումների մոնիթորինգի մեխանիզմների ներդրման շուրջ պայմանավորվածությունը ռուսական և վրացական կողմերի միջև ձեռք էր բերվել դեռևս 2011թ.-ին, երբ Վրաստանը Ռուսաստանի՝ ԱՀԿ անդամակցելուն կողմ քվեարկելու փոխարեն պահանջեց ընդունել մեկ հիմնական պայման, ըստ որի՝ Ռուսաստանից Վրաստան և հակառակը բեռնափոխադրումները կարող էին իրականացվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով՝ որպես առևտրային միջանցք: Ողջ գործընթացը հսկելու էր երրորդ՝ միջնորդ կողմը, այս դեպքում՝ շվեյցարական «SGS» ընկերությունը, որի հետ էլ կողմերը համապատասխան պայմանագրեր պետք է ստորագրեն:

Իրականում դժվար է ասել՝ ի վերջո, երբ իրականություն կդառնա Վրաստանը Ռուսաստանին միացնող այլընտրանքային ցամաքային ճանապարհի վերաբացումը, այս դեպքում՝ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի միջով, սակայն միայն այն հանգամանքը, որ քայլ առ քայլ նշված գործընթացն առաջ է շարժվում, արդեն իսկ հուսադրող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել